19.01.2021 14:12

Ռավենսբրյուկի բանտապահները՝ սովորական կանա՞յք, թե՞ դահիճներ

«Ռազմական օբյեկտում աշխատանքի համար պահանջվում են իգական սեռի 20-ից 40 տարեկան առողջ ծառայողներ։ Լավ աշխատավարձը, անվճար սնունդը, կացարանը և հագուստը երաշխավորված են»,- ասվում էր 1944 թ․ գերմանական թերթում հրապարակված հայտարարության մեջ։

Այնտեղ չէր նշվում, որ «հագուստը» էսէսական համազգեստ է, իսկ «օբյեկտը»՝ Բեռլինից մոտավորապես 80 կմ հյուսիում գտնվող Ռավենսբրյուկի կանանց համակենտրոնացման ճամբարը։

Բանտարկյալների համար նախատեսված փայտե բարաքները վաղուց չկան, բայց հին գերմանական ոճով կառուցված ութ հարմարավետ քոթեջները, պատշգամբներով և փայտե ծածկոցափեղկերով, տեղում են։ Այդտեղ բնակվում էին բանտապահուհիները, ոմանք՝ իրենց երեխաների հետ միասին։

Պատշգամբից նրանք կարող էին զմայլվել անտառով և գեղատեսիլ լճով։ Իսկ ննջասենյակի պատուհանից  երևում էին բանտարկյալների շարասյուները և դիակիզարանի խողովակը։

Նացիստական համակենտրոնացման ճամբարների անձնակազմում կար մոտավորապես 3 500 կին, և նրանք բոլորը ծառայությունն սկսել էին Ռավենսբրյուկում։ Ոմանք հետո տեղափոխվել էին Օսվենցիմ, Բերգեն-Բելզեն և այլ վայրեր։

«Դրանք սոսկալի մարդիկ էին։ Նրանց դուր էր գալիս իրենց աշխատանքը, որովհետև այն իշխանություն էր տալիս նրանց։ Նրանք շատ վատ էին վերաբերվում կալանավորներին, ծեծում էին»,- պատմել է ճամբարի նախկին կալանավորներից մեկը։

Ռավենսբրյուկը Երրորդ ռայխի ամենամեծ կանանց համակենտրոնացման ճամբարն էր։ Այնտեղով անցել է ավելի քան 120 հազար կալանավոր ամբողջ Եվրոպայից։ Դրանց թվում կային ինչպես Դիմադրության մարտիկներ և հիտլերյան ռեժիմի հակառակորդներ հենց Գերմանիայից, այնպես էլ այն կանայք, որոնց նացիստները անպիտան էին համարում հասարակության համար՝ հրեուհիներ, լեսբիներ, պոռնիկներ և անտուն կանայք։ Առնվազն 30 հազար կալանավոր զոհվել է։

Եվ հիտլերյան ճամբարների ընդամենը 77 բանտապահուհի է պատասխանատվության կանչվել, իսկ դատապարտվել են ավելի քչերը։ Նրանցից մեկը, օրինակ՝ Գրետա Բոտեն, դատապարտվել է սարսափելի դաժանության համար, մի քանի տարի անցկացրել է բանտում, ապա ներման է արժանացել բրիտանական օկուպացիոն իշխանությունների կողմից և 1999 թ․, մահվանից առաջ, հարցազրույցում հայտարարել է, որ չի զղջում իր արածների համար։ «Արդյո՞ք կյանքումս սխալներ գործել եմ։ Ո՛չ։ Ես ստիպված եմ եղել գնալ դրան, հակառակ դեպքում ինձ կփակեին ճամբարում»,- պնդել է նա։

Փոխանցում է BBc-ն։