20.01.2021 11:16

Այսօր Ջո Բայդենը կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը

Այսօր, տեղական ժամանակով՝ ուղիղ կեսօրին (Գրինվիչով՝ 17։00, Մոսկվայի ժամանակով՝ 20։00) ընտրություններում հաղթած Ջո Բայդենը կդառնա ԱՄՆ նոր նախագահը։

Այս անգամ Վաշինգտոնում արարողությունը էապես տարբեր կլինի նախորդներից՝ անվտանգության աննախադեպ միջոցառումների պատճառով։

Վաշինգտոն են բերվել Ազգային գվարդիայի լրացուցիչ պահեստային ուժեր, իսկ կառավարական շենքերի շուրջ մետաղե արգելապատնեշներ են դրվել։ Այդ ամենի պատճառը հունվարի 6-ին հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի համակիրների կողմից Կապիտոլիումի վրա գրոհն է, որի հետևանքով զոհվեց հինգ մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։

Երդմնակալության արարողությանը Թրամփը ներկա չի լինի, նա մտադիր էր Վաշինգտոնից մեկնել Ֆլորիդա վաղ առավոտյան։ Սա 1869 թ․ հետո, երբ Էնդրյու Ջոնսոնը չէր մասնակցել Ուլիս Գրանտի պաշտոնակալման արարողությանը, առաջին դեպքն է, երբ հեռացող նախագահը բոյկոտում է նոր նախագահի երդմնակալության արարողությունը։

Բայդենը տիկնոջ հետ նախօրեին Վաշինգտոն է ժամանել Դելավերից, որը նա Սենատում ներկայացրել է 36 տարի՝ մինչև 2008 թվականը։

Մինչ այդ, Թրամփի ակաունտները Instagram-ում և Facebook-ում, որոնք արգելափակվել են մինչև նրա նախագահական ժամկետի ավարտը, կրկին հասանելի են։

Փոխանցում է BBC-ն։