20.01.2021 12:16

Միապետությանը հասցված վիրավորանքի համար` 43 տարվա կալանք Թաիլանդում

Բանգկոկի դատարանը ռեկորդային դատավճիռ է արձակել միապետությանը հասցված վիրավորանքի համար՝ 43,5 տարվա ազատազրկում, հաղորդել է Associater Press-ը՝ հղում անելով «Թաիլանդի իրավաբանները՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպւթյանը։

Դատապարտյալ Անչան Պրիլետը 65 տարեկան կին է, այնպես որ, եթե դատավճիռը չմեղմացվի, նրա համար դա, ըստ էության՝ ցմահ բանտարկություն է։

Պրիլետը 40 տարի պետական ծառայող է եղել և հասել կենսաթոշակի, որից նրան զրկել են։

Թաիլանդում թագավորին, նրա ընտանիքի անդամներին և միապետության ինստիտուտներին վիրավորելու համար քրեական օրենսգրքի 112 հոդվածով նախատեսվում է ազատազրկում երեքից տասնհինգ տարի։ Ընդ որում՝ հայց կարող է ներկայացնել ոչ միայն պալատը կամ իշխանությունը, այլ ցանկացած հպատակ։

Անչան Պրիլետը Facebook-ում և  YouTube-ում 29 աուդիոհաղորդագրություն է հրապարակել արքայական ընտանիքի քննադատությամբ, ինչի համար նրան 87 տարվա ազատազրկում էր սպասվում։ Պատժաժամկետը երկու անգամ կրճատվել է այն բանից հետո, երբ նա ընդունել է մեղքը։

Թե հատկապես ինչով է թոշակառու կինը վիրավորել միապետին՝ չի հաղորդվում։

Դատարանում դատավճիռն արձակելուց առաջ նա լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ անձամբ ինքը ոչինչ չի մեկնաբանել, այլ ընդամենը տարածել է ուրիշների մեկնաբանությունները։

Գործը հետաքննվել է վեց տարի, որից չորսը կինն անցկացրել է նախնական կալանքի տակ։

Նախորդ «ռեկորդը» սահմանվել է 2017–ին, երբ 34-ամյա վաճառականին համացանցում միապետին վիրավորելու համար դատապարտել են 35 տարվա ազատազրկման։

Փոխանցում է BBC-ն։