Զարիֆը մերժել է միջուկային գործարքի մեջ հրթիռային ծրագիրն ընդգրկելու՝ Բլինքենի գաղափարը
Իրանը մտադիր չէ հրթիռային ծրագիրը և տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հարցն ընդգրկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մեջ, չորեքշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը։
«Ինչ վերաբերում է հրթիռային ծրագրերին և միջուկային գործարքին, ապա այստեղ ամեն ինչ պարզ էր միջուկային գործարքը կնքելու հենց սկզբից՝ այդ ասպեկտները ԳՀՀԾ-ի մաս չեն կազմում և դրա մեջ չեն ընդգրկվի»,- հայտարարել է Զարիֆը։ Նա հավելել է, որ եթե «Ֆրանսիան և ԱՄՆ-ն ուզում են բանակցություններ վարել տարածաշրջանում սպառազինությունների վերաբերյալ, ապա սկզբում նրանք պետք է վերջ տան այն պրակտիկային, երբ զենքի համաշխարհային մատակարարումների 25 տոկոսը բաժին է ընկնում Մերձավոր Արևելքին»։
ԱԳ նախարարը նաև մերժել է միջուկային գործարքի վերաբերյալ նոր բանակցությունների գաղափարը։
«Մենք արդեն ունենք մի ամուր պայմանագիր (խոսքը ԳՀՀԾ-ի մասին է) և համապատասխան բանաձև (ՄԱԿ-ի ԱԽ 2231), որոնց օգտին քվեարկել է նաև ԱՄՆ-ը»,- ասել է նա։
Փոխանցում է tass.ru-ն։