21.01.2021 12:27

Բայդենն սկսել է փոխել Թրամփի որոշումները

Երդմնակալությունից հետո առաջին օրը ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը մի շարք հրահանգներ ու հրամանագրեր  է ստորագրել՝ փոխելով իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի որոշումները, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի նոր կանոններ մտցնելով։

Բայդենը չեղարկել է Թրամփի այն որոշումը, որի համաձայն՝ արգելվում էր ԱՄՆ մուտքը մի քանի՝ գերազանցապես մուսուլմանական երկրներից, և կասեցրել է Մեքսիկայի սահմանին պատի շինարարությունը, ինչն ամբողջ թափով շուրջօրյա ընթանում էր մինչև վերջին օրը։

Մուսուլմանական երկրներից մուտքի արգելքը հանելու վերաբերյալ հրամանագրում նշվում է, որ Թրամփի այդ որոշումը «բիծ էր մեր ազգի խղճի վրա» և «չէր համապատասխանում ցանկացած դավանանքի տեր մարդկանց ընդունելու՝ մեր վաղեմի պատմությանը»։

Դեռ ընտրարշավի ժամանակ Բայդենը խոստացել էր վերականգնել ԱՄՆ-ի անդամակցությունը Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան պայմանագրին, որից դուրս գալու մասին Թրամփը հայտարարել էր 2017 թ․՝ «Ինձ ընտրել են, որ ներկայացնեմ Փիթսբուրգի, այլ ոչ թե Փարիզի քաղաքացիներին» «հիմնավորմամբ»։

Պայմանագրից դուրս գալու գործընթացն իրականում ավարտվել էր ԱՄՆ նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ նոյեմբերի 4-ին։ Ընտրություններում հաղթած Բայդենը անմիջապես ետ է շրջել այդ գործընթացը։

Բայդենը կասեցրել է նաև երկիրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս բերելու գործընթացը, որն սկսել էր իր նախորդը, և պարտադիր է դարձրել դիմակ կրելը և ֆիզիկական հեռավորություն պահպանելը բոլոր դաշնային հիմնարկներում և պետական ծառայողների համար ։

Նոր նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին ասել է, որ առաջիկա օրերին Բայդենը կշարունակի հրամանագրեր արձակել  նույն տեմպով։

Փոխանցում է BBC-ն։