21.01.2021 12:57

Մեքսիկան ողջունել է ԱՄՆ նախագահի որոշումը՝ սահմանին պատի շինարարությունը դադարեցնելու մասին

Մեքսիկայի իշխանությունները ողջունել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ երկու երկրների սահմանագծին կառուցվող պատի շինարարությունը դադարեցնելու վերաբերյալ։

Այդ մասին Twitter-ում գրել է լատինաամերիկյան պետության ԱԳՆ ղեկավար Մարսելո Էբրարդը։

«Մեքսիկան ողջունում է պատի շինարարության դադարեցումը, միգրացիոն նախաձեռնությունը՝ հօգուտ ներգաղթյալների երեխաների պաշտպանության, ինչպես նաև երկքաղաքացիության հնարավորության ստեղծումը։ Ինչպես  տարիներ առաջ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը գրել էր Ջո Բայդենին, որն այժմ դարձել է նախագահ՝ կամուրջները ճանապարհ են բացում համագործակցության և փոխըմբռնման համար»,- գրել է մեքսիկական դիվանագիտության ղեկավարը։

Չորեքշաբթի՝ ավելի վաղ, Բայդենը չեղարկել է ամերիկա-մեքսիակական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ իր նախորդի սահմանած արտակարգ դրության ռեժիմը, որը հունվարի 15-ին երկարացվել էր ևս մեկ տարով, որպեսզի հնարավոր լիներ Կոնգրեսին շրջանցելով՝ ֆինանսավորում ստանալ պատի շինարարության համար։ 2020 թ․ դեկտեմբերին The Washington Post-ը տեղեկացրել էր, որ եթե Բայդենի վարչակազմը հրաժարվի պատի շինարարությունից, ապա դա հնարավորություն կտա տնտեսել 2,6 մլրդ դոլար։

Փոխանցում է tass.ru-ն։