21.01.2021 14:10

Լիզա Ճաղարյան. Գեթ մեկ անգամ պատասխանատվություն առ քո ուսերին

Լիզա Ճաղարյան. Գեթ մեկ անգամ պատասխանատվություն առ քո ուսերին

Երեկվա Ազգային ժողով–կառավարություն հարցուպատասխանից կարելի է միայն մեկ հետեւություն անել` արտահերթ ընտրությունների մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` հանրությանն ամեն օր մատուցվող էժանագին «օճառային օպերայի» հերթական արարներից է ընդամենը. աննախադեպ այս պարոնը հրաժարական տալու ոչ միտք է ունեցել, ոչ էլ` ունի։

Ուրեմն, ինչո՞ւ հայտարարեց արտահերթ ընտրությունների անցկացման պատրաստակամության մասին։

Պարզ պատճառով. հերթական «մեղավորներին» ի ցույց դնելու համար։

Այս մարդն իր իշխանավարության շրջանի հենց առաջին օրերից` ի՛ր իսկ գործած բոլոր փոքր ու մեծ սխալների պատճառները փորձել է ու փորձում է բարդել ուրիշների ուսերին, նույնն էլ արեց ազգակործան ու պետականակործան արհավիրք–պատերազմից հետո` «պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ» անհեթեթ ինքնարդարացմամբ։

Դե, նախապես գիտեր, թե ԱԺ ընդդիմադիր  խմբակցությունները ներկայացնող կուսակցությունների հետ «խորհրդակցությունների» արդյունքն ինչ է լինելու։ Գիտեր նաեւ, որ իր «ճանաչած» արտախորհրդարանական քաղաքական ուժերն էլ են մերժելու ոչ միայն հրաժարականի «պատրաստակամությունը», այլեւ նույնիսկ խորհրդակցելու հրավերն են արհամարհելու։ Այսինքն, լինելու էր այն, ինչ ինքը նախատեսել էր ներկայացման հերթական արարի համար։ Իսկ որ նշված ուժերը մերժելու էին արտահերթ ընտրությունների առաջարկը, Հայաստանում գիտեին նույնիսկ բակում սահնակ քշող երեխաները։ Եվ գիտեին ո՛չ այն պատճառով, որ Փաշինյանի նման «աննախադեպ խելացի» են. պարզապես այդ ուժերը դրա մասին օրուգիշեր հայտարարում էին մինչեւ «խորհրդակցությունները», հայտարարում են նաեւ հիմա` լսողն էլ լսում է, տեսնողն էլ տեսնում է։

Իսկ թե ինչու էր անհրաժեշտ, որ հեղափոխությամբ իշխանության հասած եւ գրեթե բոլոր ոլորտներում բարեփոխումները շռնդալից տապալած, երկիրը պատերազմի երախը նետած, հինգ հազարից ավելի լուսեղեն պատանիների զոհաբերություն, տասնյակ հազարի հաշմվածություն, Արցախի կորուստ «վաստակած» պատասխանատու անմեղը խորհրդակցեր եւ հետո միայն որոշեր հրաժարական տալ` սրա պատասխանն էլ է պարզից պարզ։

Այդ «խորհրդակցություններն» օդուջրի պես պետք էին Փաշինյան Նիկոլին` մի «գեղեցիկ» օր ԱԺ ամբիոնից հայտարարելու համար, որ ինչպես միշտ` ինքը մեղավոր չի, ինքն ուզում էր հրաժարական տալ եւ արտահերթ ընտրություններ անցկացնել, բայց տեսաք էլի, բոլորդ էլ տեսաք, չէ՞, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը դեմ են արտահերթ ընտրություններին, եւ եթե ընդդիմությունը դեմ է, իշխող ուժը հո խելառ չի՞, որ արտահերթ ընտրություններ հայտարարի։

Բայց հիշում ենք, չէ՞, դեռ չենք մոռացել, որ Նիկոլ Փաշինյանի ամենաչարչրկած միտքը սա է` ժողովուրդն է որոշողը։ Եթե ժողովուրդն է որոշողը, բա չհարցնե՞նք` պարոն աննախադեպ, արտահերթ ընտրություններին դեմ արտահայտվող քո թվարկած կուսակցությունները երբվանի՞ց սկսեցին աչքիդ «ժողովուրդ» երեւալ։

Ստիպված եմ թարմացնել պատասխանատու, բայց անմեղ վարչապետի հիշողությունը։ Հեղափոխության կոչով ի՛նքը դուրս եկավ փողոց, եւ Հայաստանի քաղաքացիները միացան իրեն։ Շատ–շատերը, շատ–շատ–շատերը միացան ոչ թե հեղափոխությունն սկսողի ոգեղեն կերպարով հմայված, այլ որովհետեւ ուզում էին ամեն գնով ազատվել ՀՀԿ–ական իշխանությունից։

Մինչ արհավիրք–պատերազմն արդեն վաղուց այդ նույն արդարության կարոտ ժողովուրդը ստիպված էր խոստովանել, որ իր իսկ ընտրյալը չի արդարացնում իր հույսերը, եւ դատաիրավական համակարգը, արդարություն հաստատելու փոխարեն, «թավշի» վրա օրորվելով ծաղրում է ոչ միայն օրվա իշխանությանը, այլեւ հենց այդ նույն արդարություն ակնկալող հանրությանը։ Ստիպված էր խոստովանել, որ «բարեփոխումներ» ասվածը սոսկ բառեր են, որ իրականություն դառնալու նույնիսկ նշաններ ցույց չեն տալիս։

Զարհուրելի շարունակությունը, հուսով եմ, դեռ չի մոռացել պարոն վարչապետը...

Ուրեմն, հեղափոխության ալիքի վրա իշխանության հասած, ողջ երկրի ճակատագրի պատասխանատվությունն իր ուսերին առած «մեծ հեղափոխականն» ինչո՞ւ իշխանության հասնելուց հետո սկսեց իր անհաջողություններն ու պարտություններն արդարացնելու համար պատասխանատվությունը գցել նախկին իշխանությունների ուսերին։

Հայաստանի քաղաքացիները չգիտեի՞ն, որ նախկինները ե՛ւ սխալներ են արել, ե՛ւ հանցագործություններ են կատարել, ե՛ւ երկիրն են թալանել։ Հրաշալի գիտեր։ Եթե չիմանար, ապա հեղափոխությունն ինչի՞ համար էր։ Հեղափոխությունը հնարավոր դարձավ, որովհետեւ հանրությունը մինչեւ կոկորդը լցված էր նախկինների դեմ, եւ «փրկիչ» Փաշինյանին ընտրելով` հույս էր փայփայում, որ այդ սխալները կուղղվեն, հանցագործները կպատժվեն, թալանը կվերադարձվի իր իսկական տիրոջը` ժողովրդին, ոչ թե այդ նույն ժողովուրդն ստիպված կլինի ամեն օր լսել, թե իր ընտրյալի հերթական շռնդալից տապալումը նախկինների ո՛ր մի սխալի կամ հանցագործության, կամ` դավաճանության պատճառով եղավ։

Նորից հիշենք, թե պատերազմից հետո ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ասաց` պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ։ Նույնիսկ այս անհեթեթագույն արդարանալու փորձն է ճչացող կեղծիք։ Իր իշխանավարության ողջ ընթացքում երկրի վարչապետը խուսափել է հենց իր ընդգծած պատասխանատվությունից։ Այսինքն, ինքը ոչ մեղավոր է, ոչ էլ պատասխանատու։

Նույնն էլ անում է հիմա. իսկ տարրական ազնվությունն ու բարոյականությունն ուղղակիորեն աղաղակում են, որ նման դառնաղի իրավիճակում ինքն իրեն պատասխանատու զգացող ղեկավարը պետք է ոչ թե մեղավորներ պեղեր, այլ կատարվածի պատասխանատվությունն առներ իր սեփական ուսերին եւ ասեր` կարեւոր չէ, թե ինչ են ասում զանազան քաղաքական խմբերն ու խմբակները, քանի որ ե՛ս եմ պատասխանատու ստեղծված իրավիճակի համար, ես ստանձնում եմ իրավիճակի պատասխանատվությունն ու հայտարարում եմ, որ իրավիճակից դուրս գալու միակ ելքն այս դեպքում արտահերթ ընտրություններն են։

Կամ ասեր` ես պնդում եմ, որ ոչ մի արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չկա, եւ թող ոչ ոք նման հույս չփայփայի` ես հրաժարական տվողը չեմ։

Չէ, ես չեմ կարծում, որ «պատասխանատվություն» բառի իմաստը Նիկոլ Փաշինյանը չգիտի։

Աննախադեպ վարչապետն ակնհայտորեն ազնվության ու բարոյականության հետ է ոխերիմ թշնամի։  

...Գեթ մեկ անգամ պատասխանատվությո՛ւն առ քո ուսերին։