26.01.2021 12:43

Պուտինը մեկնաբանել է Նավալնիի ֆիլմը Գելենջիկի պալատի մասին

Պուտինը մեկնաբանել է Նավալնիի ֆիլմը Գելենջիկի պալատի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Ռուսաստանյան ուսանողության օրվա առթիվ հանդիպել է բուհերի սովորողների հետ։

Ուֆայի համալսարանի ուսանողներից մեկը նրան հարց է ուղղել YouTube-ում հրապարակված ֆիլմի մասին։

Պուտինը  հայտարարել է, որ չի դիտել Ալեքսեյ Նավալնիի ֆիլմը Գելենջիկի «պալատի» մասին, քանի որ ժամանակ չունի, բայց թերթել է իր օգնականների ներկայացրած տեսաընտրանին։

«Տեսեք, ես այդ ֆիլմը չեմ դիտել պարզապես ժամանակի սղության պատճառով, բայց թերթել եմ իմ օգնականների ներկայացրած տեսաընտրանին»,- ասել է Պուտինը։ Նա պնդել է, որ Ալեքսեյ Նավալնիի «հետաքննության» ներկայացրած սեփականություններից ոչ մեկը չի պատկանում և երբեք  չի պատկանել իրեն կամ իր հարազատներին։

ՌԴ նախագահը շեշտել է, որ այդ «հետաքննությունը» վաղուց էր խմորվում, հարմար պահ էր ստեղծվել «քաղաքացիների ուղեղները լվանալու համար»։ Պուտինը պնդել է, որ «հետաքննության» մեջ հիշատակվող անձանցից ոմանց ճանաչում է, ոմանց՝ ոչ, նրանց մեջ կան թե՛ բարեկամներ, թե՛ նախկին աշխատակիցներ։

Նրա կարծիքով՝ Նավալնիի ֆիլմն ընդամենը մոնտաժ է ու ծաղկաքաղ։

Փոխանցում է ria.ru-ն։