26.01.2021 13:25

Պուտինն առաջարկում է արգելել ԽՍՀՄ-ի և հիտլերյան Գերմանիայի համեմատությունը

Պուտինն առաջարկում է արգելել ԽՍՀՄ-ի և հիտլերյան Գերմանիայի համեմատությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումային առաջարկել է գարնանային նստաշրջանի համար օրինագիծ պատրաստել, որով կարգելվի հրապարակավ ԽՍՀՄ-ի և ֆաշիստական Գերմանիայի դերերի նույնականացումը։ Հանձնարարականը հրապարակվել է Կրեմլի կայքում՝ արվեստի և մշակույթի հարցերով նախագահական խորհրդի նիստի արդյունքների համաձայն։

Խորհրդի նիստը կայացել է 2020 թ․ հոկտեմբերի 27-ին։ Դրա ընթացքում դումայի մշակույթի հանձաժողովի նախագահ Ելենա Յամպոլսկայան հայտարարել էր, թե Ռուսաստանում հրատարակվում և երիտասարդության շրջանում մեծ հետաքրքրության են արժանանում գրքեր, որոնցում համեմատվում են Կարմիր բանակի և նացիստական Գերմանիայի զինվորների գործողությունները, և առաջարկել էր դա արգելել։

«Ես կարծում եմ, որ եթե մեր հրատարակչությունների խմբագիրներն այնքան խելք չունեն, ամոթ և նողկանք չեն զգում, որպեսզի կրճատեն այդ հատվածները, ապա նրանց պետք է օգնել օրենսդրորեն։ Կարծում եմ՝ մենք բարոյական իրավունք ունենք խստացնելու օրենքը, երբ խոսքը վերաբերում է մեր պատմական հիշողությունը պղծելուն»,- հայտարարել էր Յամպոլսկայան։

Պուտինը համաձայնել էր այս դիրքորոշմանը։

«Հարկավոր է խնամքով, իհարկե, դա անել։ Եթե որոշ երկրներում հայերի ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ է նախատեսված, ապա, անշուշտ, մենք կարող ենք համապատասխան մեխանիզմներ կիրառել՝ մեր ոչ վաղ անցյալը պաշտպանելու համար»,- այն ժամանակ հայտարարել է Պուտինը։

Փոխանցում է BBC-ն։