Պուտինը և Բայդենը մեղմացրել են տոնը, սակայն դիմակայությունն անխուսափելի է

Համաշխարհային մամուլն անմիջապես անդրադարձել է Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջին զրույցին՝ վերջինիս՝ նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո։
New York Times-ը այդ հեռախոսազանգը նկարագրում է որպես «երկու առաջնորդների միջև հարաբերությունների առաջին ակտ, որոնք խոստանում են խորապես կոնֆրոնտացիոն դառնալ»։
Թերթը հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփն իր իշխանության չորս տարիների ընթացքում Պուտինի նկատմամբ մեծագույն հարգանք է դրսևորել, իսկ Բայդենն, ընդհակառակը, Ռուսաստանի նախագահին անվանել էր «ԿԳԲ-ի բանդիտ», իսկ ԱՄՆ նախկին նախագահին պիտակել էր «պուտինյան շնիկ» անունով։ Ի պատասխան՝ Ռուսաստանի առաջնորդը հայտարարել էր, որ Բայդենի ելույթներում «սուր հակառուսաստանյան հռետորաբանություն է նկատվում»։
Բրիտանական Guardian-ը ուշադրություն է դարձրել Պուտինի և Բայդենի հեռախոսազրույցի վերաբերյալ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության այն հատվածին, թե զրույցը «գործնական և անկեղծ» է եղել։ Պարբերականի պնդմամբ՝ «նման ձևակերպումը հաճախ օգտագործվում է լարված բանավեճերը նկարագրելիս»։
Թերթը հիշեցնում է, որ ամերիկյան սենատը հենց նոր հաստատել է Էնթոնի Բլինքենի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, իսկ նրա առաջին քայլերից մեկը եղել է «Մեծ յոթնյակի» ղեկավարների համատեղ հայտարարության ստորագրումը՝ Ալեքսեյ Նավալնիի թունավորման և կալանավորման, ինչպես նաև Ռուսաստանում զանգվածային բողոքի ցույցերը ճնշելու դատապարտմամբ։
Փոխանցում է BBC-ն։