16.02.2013 22:18

Ս. Սարգսյանի համար բանաստեղծություն արտասանած Ապարանի անձնագրային ծառայության պետ. Մենք նայում ենք մեր թագավորին

Ս. Սարգսյանի համար բանաստեղծություն արտասանած Ապարանի անձնագրային ծառայության պետ. Մենք նայում ենք մեր թագավորին

Ինչպես հայտնի է՝ փետրվարի 14-ին Սերժ Սարգսյանի՝ Ապարանում կայացած հանդիպման ժամանակ մի կին բանաստեղծություն արտասանեց: Պարզվում է, որ բանաստեղծություն արտասանող կինը Ապարանի անձնագրային ծառայության ղեկավար Աննման Շահբազյանն է:

Ստորեւ ներկայացնում ենք Աննման Շահբազյանի հետ մեր զրույցը

-Տիկին Շահբազյան, ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանի Ապարանում կայացած հանդիպման ժամանակ դուք էիք բանաստեղծություն արտասանել:

-Այո, ես եմ, ես եմ:

-Դա ձե՞ր բանաստեղծությունն էր:

-Այո, իմ գրած բանաստեղծությունն էր, որը շուտով երգ կդառնա:

-Իսկ ո՞վ է երաժշտություն գրելու:

-Ես, ես նաեւ երգահան եմ:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք այդ բանաստեղծությունն արտասանել:

-Ես ուղղակի ինքնաբուխ գրել եմ Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին:

-Իսկ ինչո՞ւ հենց այնտեղ արտասանեցիք, ինքը՞ ձեզ ոգեւորեց, ոգեշնչեց:

-Իհարկե, ընտրարշավի ժամանակ նայեցի եւ ոգեւորվեցի, եւ ինձ զգացի ապահով ու ապահովված Հայաստանում՝ բոլոր հայերի հետ միասին: Ամեն ինչով հանդերձ ես ապահով եմ տեսնում Հայաստանը եւ ուզում եմ համայն հայությունը իջեւանի ապահով Հայաստանում:

-Իսկ ի՞նչ եք կարծում, Սերժ Սրագսյանը ոգեւորվե՞ց ձեր բանաստեղծությունից:

-Ես կարծում եմ, այո, որովհետեւ չթաքցրեց իր հուզմունքը:

-Իսկ ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, երբ թեկնածուներին կամ պաշտոնյաներին բանաստեղծություններ են ձոնում, մեծարում են:

-Ես ոչ թե պաշտոնյային եմ մեծարում, դա պաշտոնյայություն չէ, ես տեսնում եմ Հայաստանը ապահով եւ յուրաքանչյուր անհատ քաղաքացի անկախ նրանից՝ աշխատանք է զբաղեցնում, թե ոչ, ինքը ուզում է ապրել ապահով, ինքնիշխան, ազատ անկախ Հայաստանում, դա մեր բոլորիս երազանքն է:

-Եւ դուք դա Սերժ Սարգսյանի հետ եք կապո՞ւմ:

-Ես դա կապում եմ ամբողջ հայության հետ: Եւ այսօր քանի որ նա մեր թագավորն է, ընդհանրապես մենք նայում ենք մեր թագավորին եւ հանձինս նրա տեսնում ենք կառուցվող Հայաստան:

-Իսկ կազմակերպիչները տեղյա՞կ էին ձեր բանաստեղծության մասին, թե՞ իքննաբուխ որոշեցիք արտասանել

-Ոչ մեկ տեղյակ չէր:

-Այսինքն, դուք լսեցիք Սերժ Սարգսյանին, ոգեւորվեցիք, ու որոշեցիք նվիրել նրան այդ բանաստեղծությունը՞:

-Այո, այո, ամեն ինչ եղել է ինքնաբուխ: Ոչ մի բան որոշված չէր:

-Իսկ դուք որպես քաղաքացի՞ էիք գնացել այդ հանդիպմանը, թե՞ ի պաշտոնե:

-Ոչ, ոչ, ես որպես քաղաքացի եմ գնացել: Ես քաղաքացի եմ, ես քաղաքացին եմ Հայաստանի հանրապետության: Ես անգամ բանաստեղծություն եմ գրել՝ «Անձնագիր»:

-Իսկ դուք չե՞ք ցանկանում թողնել ձեր պաշտոնը եւ գրականությամբ զբաղվել:

-Ոչ, իմ պաշտոնը ժողովրդական պաշտոն է: Ես շատ սիրով եմ ծառայում իմ ժողովրդին: ունեմ նաեւ 14 երգ, որոնց բառերի եւ երաժշտության հեղինակն եմ, եւ որոնց կատարողն եմ ինքս: Գրել եմ նաեւ օրհներգին նվիրված երգ, եւ մասնակցել եմ օրհներգի մրցույթին, բայց գիտեք, որ այդ մրցույթը չկայացավ: (Տիկին Շահբազյանն արտասանում է իր բանաստեղծությունից մի հատված)

-Դուք այդպես սիրուն ստեղծագործում եք, հնարավո՞ր է, որ մի բանաստեղծություն էլ հենց Սերժ Սարգսյանի մասին գրեք:

-Այն, ինչը ծնվում է, ծնվում է ներշնչանքով, ծնվում է պահով, եւ դա Աստված է նվիրում: Եթե գրեմ, տեղյակ կպահեմ: Ասեմ նաեւ, որ պաշտոնը մեր հողի վրա կարեւոր չէ, կարեւորը այն է, որ ես սիրում եմ իմ Հայաստանը, իմ հայ ժողովրդին, եւ ամուր արմատներով կպած եմ մեր հողին: Ինչքան էլ որ դժվար լինի, առավելեւս, դժվար է Ապարանում ապրել, բայց դժվարություններին սովոր մարդը երբեք չի նայում, որ ուրիշը պետք է աշխատի, ինքը ուտի: Մենք սովոր ենք աշխատել, վաստակել, եւ մեր վաստակած քրտինքի պտուղները ուտել: Դրա համար էլ այսպես սրտաբուխ է ամեն ինչը մեզ մոտ ստացվում:

Քրիստինե Խանումյան