17.02.2013 20:10

ՄԱԿ-ի բանագնացը Սիրիայի իշխանությանն ու ընդդիմությանը առաջարկել է բանակցություններ սկսել ՄԱԿ-ի գրասենյակում

ՄԱԿ-ի բանագնացը Սիրիայի իշխանությանն ու ընդդիմությանը առաջարկել է բանակցություններ սկսել ՄԱԿ-ի գրասենյակում

ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Ախդար Իբրահիմին դիմել է Սիրիայի ընդդիմադիր ուժերին նախագահ Բաշար ալ Ասադի պատվիրակության անդամների հետ բանակցություններ սկսել ՄԱԿ-ի գրասենյակներից մեկում: Իբրահիմին Կահիրեում լրագրողներին ասել է, որ եթե սիրիական ընդդիմության և կառավարության պատվիրակությունների երկխոսությունը սկսի ՄԱԿ-ի գրասենյակներից մեկում, դա լավ սկիզբ կլինի «մութ թունելից» դուրս գալու համար:

ՄԱԿ-ի բանագնացը, սակայն,  չի հստակեցրել հնարավոր բանակացությունների կոնկրետ վայրը:

Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան իշխանությունների հետ բանակցություն սկսելու համար նախապայման է դրել: Կոալիցիան փետրվարի 15-ին հայտարարել է, որ նախագահ Բաշար ալ Ասադի հեռացման հարցով պատրաստ է բանակցություններ սկսել կառավարության ցանկացած ներկայացուցչի հետ, ով չի մասնակցել ընդդիմության դեմ ուղղված գործողություններին: Ընդդիմադիր կոալիցիան ձևավորվել է  Դոհայում 2012թ-ի նոյեմբերի 11-ին, և ղեկավար է ընտրվել Մուազ ալ Խատիբը: Կոալիցիայի նպատակն է հասնել Բաշար ալ Ասադի իշխանության տապալմանը: