17.02.2013 21:25

Օբաման անօրինական ներգաղթյալներին ութ տարի կհատկացնի՝ օրինական կարգավիճակ ստանալու համար

Օբաման անօրինական ներգաղթյալներին ութ տարի կհատկացնի՝ օրինական կարգավիճակ ստանալու համար

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մշակել է օրինագիծ, որը թույլ է տալիս անօրինական ներգաղթյալներին օրինական կարգավիճակ ստանալ, եթե նրանք սովորեն լեզուն և համապատասխանեն մի շարք պահանջների, հայտնում է lenta.ru-ն։

Փաստաթղթի սևագիրը հայտնվել է USA Today պարբերականի տրամադրության տակ։

Բացի այդ, օրինագիծը թույլ կտա անօրինական ներգաղթյալներին հայց ներկայացնել նոր տեսակի «Lawful Prospective Immigrant» անցագրի համար և նրանց կհատկացվի ապահովագրական հիմնադրամից օգտվելու հնարավորություն։

Օրինական կարգավիճակին կարող են հավակնել ոչ միայն ներգաղթյալները, այլև նրանց օրինական ամուսինները և երեխաները։

Նոր տեսակի անցագիր ստանալու և ԱՄՆ-ում բնակությունը օրինականացնելու համար ներգաղթյալները պետք է անցնեն քրեական անցյալի ստուգում, ներկայացնեն կենսաչափական տեղեկություն և տուրք վճարեն։ Անցագիրը նրանց իրավունք կտա գտնվել և աշխատել ԱՄՆ-ի տարածքում 4 տարի՝ լքելով երկիրը միայն կարճ ժամանակահատվածով։ Ժամկետը լրանալուց հետո ներգաղթյալները կարող են կրկին ներկայացնել փաստաթղթերը և երկարացնել այն։

Համաձայն օրինագծի՝ հայց կարող են ներկայացնել նաև այն ներգաղթյալները, որոնք սպասում են իրենց արտաքսմանը։

Ութ տարի անց ներգաղթյալները կարող են ներկայացնել փաստաթղթերը «գրին-քարտ»-ի համար։ Այն ստանալու համար նրանք ստիպված կլինեն սովորել անգլերեն լեզուն և ԱՄՆ-ի պատմությունը, վճարել հարկերը։ Այնուհետև նրանք կարող են հավակնել քաղաքացիություն ստանալուն։