18.02.2013 13:45

Էկվադորի նախագահական ընտրություններում հաղթել է Ռաֆայել Կորրեան

Էկվադորի նախագահական ընտրություններում հաղթել է Ռաֆայել Կորրեան

Էկվադորի գործող նախագահ Ռաֆայել Կորրեան կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հաղթել է առաջին փուլում: Ազգային ընտրական խորհրդի տվյալներով՝ Կորրեան ստացել է ընտրողների 57%-ի քվեները: Երկրորդ տեղն զբաղեցրած թեկնածուի՝ Գիլյերմո Լասսոյի օգտին քվեարկել է ընտրողների 24%-ը: Կորեան հայտարարել է, որ այս հաղթանակը նվիրում է իր ընկերոջը՝ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին, որը շարունակում է բուժումը Կուբայում: Չավեսն, իր հերթին, շտապել է շնորհավորել Կորրեային՝ «համոզիչ հաղթանակի կապակցությամբ»:

Դիտորդների կարծիքով՝ ակնհայտ է, որ 1963 թ. ծնված Կորրեան, որն ի տարբերություն Լատինական Ամերիկայի շատ երկրների իր գործընկերների՝ ո՛չ նախկին զինվորական է և ո՛չ էլ նախկին հեղափոխական, այլ, ընդհակառակը՝ Իլինոյսի համալսարանի շրջանավարտ և էկոնոմիկայի նախկին նախարար, ընթանում է իր ավագ գործընկերոջ՝ Չավեսի հետքերով՝ զգալի միջոցներ հատկացնելով սոցիալական ծրագրերին: Իշխանությունների տվյալներով՝ Լատինական Ամերիկայի այդ աղքատ երկրից 2006-2011 թթ. ընթացքում արտագաղթել է 930 հազար մարդ, ինչը բավական մեծ թիվ է մոտավորապես 15 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար: Այնուամենայնիվ, Կորրեան պնդում է, որ իր իշխանության տարիներին Էկվադորը դադարել է լինել հուսահատության երկիր: Այս կարծիքին են ոչ բոլոր էկվադորցիները, սակայն նրանք փոքրամասնություն են կազմում, ինչպես փոքրամասնություն էին այն զինվորականներն ու ոստիկանները, որոնք 2010 թ. աշնանը Կորրեային տապալելու անհաջող փորձ կատարեցին, հաղորդում է РИА Новости-ն: