18.02.2013 15:44

9/02-ում ուրիշի փոխարեն քվեարկող քաղաքացին փախավ տեղամասից (Տեսանյութ)

Երեւանի թիվ 9/02 ընտրատեղամասում iLur.am-ի թղթակից Հակոբ Կարապետյանը առավոտյան 9-ից հետո մի շարք խախտումներ է արձանագրել: 

Նախ, մեր թղթակցի մոտ կասկած են հարուցել անձնագրի մեջ կնիք դնող հանձնաժողովի անդամի շարժումները: Երբ նա քվեարկած քաղաքացիներից երկուսին խնդրել է ցույց տալ անձնագրերը, պարզվել է, որ դրանցում քվեարկությունը հաստատող կնիք չկա: Հանձնաժողովի նախագահ  Զավեն Միրիջանյանը (ՀՀԿ) ենթադրել է, որ թանաքը, հավանաբար, ցնդել է:

«Որոշ ժամանակ հետո մի երիտասարդ տեղամասի միջանցքում նախ մի քանի րոպե զրուցեց «Հանրապետականի» վստահված անձ ներկայացած երիտասարդի հետ, ապա մոտեցավ քվեաթերթիկ ստանալու, փոխանցում է iLur.am-ի թղթակիցը: - Խնդրեցի ցույց տալ անձնագիրը: Անձնագիրը պատկանում էր Վիգեն Անդրանիկի Սարգսյանին, սակայն լուսանկարում պատկերված մարդը եւ անձնագիրը ներկայացնողը  ակնհայտորեն տարբեր մարդիկ էին: Հանձնաժողովի անդամը փորձեց տվյալներ իմանալ, պարզվեց, որ Սարգսյան Վիգեն ներկայացող քաղաքացին մոռացել է իր անունը եւ ծննդյան տարեթիվը: Երբ հանձնաժողովի նախագահը վերցրեց անձնագիրը այն իբր ստուգելու, ակնհայտորեն հասկացրեց երիտասարդին, որպեսզի վերջինս խլի անձնագիրն ու փախնի, ինչն էլ, երիտասարդը հաջողությամբ արեց: Հանձնաժողովի նախագահը «չհասավ» նրա հետեւից, իսկ տարածքում հերթապահություն անող ոստիկանները «չնկատեցին» նրան: Միջադեպից հետո հանձնաժողովի անդամները տեղական դիտորդների հետ միասին քննարկում էին հետագա անելիքները: Կարծիքներ էին հնչում, որ երիտասարդը համր էր, դրա համար չէր կարողնաում արտաբերել իր անունը (տեսանյութում նրա ձայնը լսվում է), նույնիսկ կարծիք հնչեց, թե իբր ես եմ շփոթեցրել նրան», - տեղեկացնում է մեր թղթակիցը: Ի դեպ, մեր տեղեկություններով, հանձնաժողովի նախագահը ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի մերձավորներից է, նրա հովանավորյալներից, եւ իր թաղամասում հայտնի է որպես փորձառու ընտրակեղծարար: 

Հանձնաժողովի նախագահը ԸԸՀ հետ խորհրդակցելուց հետո կարգադրել է անդամներին՝ արձանագրություն կազմել միջադեպի մասին:

Ի դեպ, տեղամասում թեկնածուներից միայն Սերժ Սարգսյանը վստահված անձ ունի: