07.05.2021 12:35

ԼԺՀ ղեկավարը գնահատել է Ուկրաինայի նախագահ դառնալու՝ Պոռոշենկոյի շանսերը

ԼԺՀ ղեկավարը գնահատել է Ուկրաինայի նախագահ դառնալու՝ Պոռոշենկոյի շանսերը

Պյոտր Պոռոշենկոն շանսեր չունի կրկին հաղթելու Ուկրաինայի նախագահական ընտրություններում, քանի որ ընտրողներն արդեն հոգնել են ռազմաշունչ հռետորաբանությունից։

Այս կարծիքին է ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։

«Պյոտր Պոռոշենկոն նույնիսկ ավելի արյունռուշտ և ավելի վճռական է թվում Դոնբասի ժողովրդի, Ռուսաստանի հանդեպ ագրեսիվ տրամադրությունների առումով։ Ուստի ես կարծում եմ, որ ավելի շուտ՝ նա շանսեր չունի։ Համոզված եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը նույնպես հոգնել է ռազմական գործողություններից, պատերազմից, հոգնել է այդ մշտական աղքատությունից, երբ ժողովրդի մասին ոչ ոք չի հոգ տանում, ոչ ոք չի մտածում»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է Պասեչնիկը:

Միևնույն ժամանակ, նրա գնահատմամբ՝ մեծ տարբերություն չկա, թե ներկա իրավիճակում ով կլինի Ուկրաինայի նախագահը։

«Քանի դեռ չի թուլացել Ամերիկայի ազդեցությունը ուկրաինական վերնախավի, ուկրաինական իշխանության վրա, կարծում եմ՝ Ուկրաինայում ոչինչ էլ չի փոխվի։ Եվ տարբերություն չկա, թե ով կգա իշխանության, դա բացարձակապես որևէ նշանակություն չունի»,- կարծում է Պասեչնիկը։

Փոխանցում է ria.ru-ն։