07.05.2021 13:18

Տեր–Պետրոսյանը փորձել է իր առաջարկով իսկապես փաստի առաջ կանգնեցնել Փաշինյանին. Սուրենյանց․ Սպուտնիկ

Տեր–Պետրոսյանը փորձել է իր առաջարկով իսկապես փաստի առաջ կանգնեցնել Փաշինյանին. Սուրենյանց․ Սպուտնիկ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը, ըստ որի` նա Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հրապարակավ առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով։
Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ` ՀՀ առաջին նախագահի հայտարարություններն ու առաջարկությունները, իր կարգավիճակի կամ սովորության համաձայն, միշտ բազմաշերտ են եղել։ Ըստ նրա`բարդ է պատկերացնել, թե ինչու է Տեր–Պետրոսյանն իր անհաշտ մրցակիցներին ոչ ստանդարտ առաջարկություն արել, գուցե կա արտաքին քաղաքական ինչ–որ զարգացում, սպառնալիք, որի մասին տեղյակ չենք, և այդ տեղեկությանը տիրապետում են երեք նախագահները կամ միայն Տեր–Պետրոսյանը։

«Մյուս կողմից գուցե առաջին նախագահն իմացել է, որ մյուս երկու նախագահները չեն համաձայնվի այդ առաջարկին, միտումնավոր նման քայլ է կատարել, որպեսզի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմության հնարավոր պարտության պատասխանատվությունը թողնի երկրորդ և երրորդ նախագահների ուսերին»,– նշեց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` երրորդ վարկածն այն է, որ Տեր–Պետրոսյանը փորձել է այդ քայլով իսկապես փաստի առջև կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին նրանից կա՛մ քաղաքական զիջումներ կորզելու, կա՛մ գործող իշխանությանը ցայտնոտի մեջ թողնելու համար։

Քաղաքագետի համոզմամբ` եթե անգամ ընդունենք այն տեսակետը, որ Քոչարյանի ու Սարգսյանի հակառեյտինգը բավական մեծ է և նրանց միավորումը կբերեր հակառեյտինգի ավելի մեծացման և Տեր–Պետրոսյանն իր առաջարկով ըստ էության կարող էր ավելի ամրապնդել Փաշինյանի դիրքերը, միևնույնն է, քաղաքագետի կարծիքով, Տեր–Պետրոսյանը նման պարզ տրյուկների չի գնա։

Ըստ Սուրենյանցի` առաջին նախագահն անողոք է վերաբերվում բոլոր այն մարդկանց, որոնք հրապարակայնորեն մտացածին փաստարկներով փորձում են կասկածի տակ դնել իր քաղաքական հեղինակությունը, ինչը փորձեց անել Փաշինյանը։

Հիշեցնենք` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին առաջարկել է առաջիկա ընտրություններին մասնակցել իրենց սատարող քաղաքական ուժերից, հասարակական կազմակերպություններից և հեղինակավոր մտավորականներից կազմված, «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով:

Սպուտնիկ Արմենիա