07.05.2021 21:40

Հարութ Ուլոյան. Փաշինյանը պետք է հեռանա

Հարութ Ուլոյան. Փաշինյանը պետք է հեռանա

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

«Եթե հնարավորինս պարզ ձևակերպենք, թե ո՞րն է, ի վերջո, Տեր-Պետրոսյանի առաջ քաշած գաղափարն ու դա մերժողների շարժառիթները, ապա կունենանք հետևյալ պատկերը.

- Փաշինյանը պետք է հեռանա (Սա չգիտակցողների հետ ընդհանրապես անիմաստ է որևէ թեմա քննարկել)։

- Փաշինյանն առաջնորդվում է «ամեն գնով վերարտադրվելու հիվանդագին ձգտումով »(Քաղաքականապես կույր պետք է լինել չտեսնելու համար, թե Փաշինյանն ինչ մեթոդների է դիմում վերարտադրվելու նպատակով: Փաշինյանի նկրտումները ցանկացած փաթեթավորմամբ արդարացնողները վերջինիս ամենահուսալի հենարանն են)։
- Փաշինյանի դեմ պետք է ստեղծվի լայն համախմբում ընդգրկող դաշինք (Կրկին՝ քաղաքականապես կույր պետք է լինել չտեսնելու համար, որ որևէ առանձին անձի շուրջ ձևավորվելիք խումբը ի զորու չի լինելու արդյունավետ պայքար մղել Փաշինյանի դեմ)։
- Տեր-Պետրոսյանը ստեղծված իրավիճակն այն աստիճանի վտանգավոր է համարում, որ պատրաստ է անձնական ու քաղաքական տարաձայնությունները մի կողմ թողնել և համագործակցել տարիներ շարունակ իր հակառակորդները հանդիսացող Քոչարյանի և Սարգսյանի հետ (Այս դրույթն է, որ առաջացրել է շատ-շատերի «զայրույթը»: Սակայն, որքան էլ առաջին հայացքից տվյալ դրույթն միանշանակորեն չընդունվի, այնուամենայնիվ պետք է հիմնակետ ընդունել այն պարզագույն իրողությունը, որ յուրաքանչյուր իշխանություն պատասխանատու է իր իշխանության օրոք տեղի ունեցած իրադարձությունների համար: Իսկ տվյալ դեպքում մենք գործ ունենք ոչ թե իրադարձությունների, թեկուզ՝ թալանի կամ ապօրինությունների, այլ՝ պետականակործան աղետի հետ)։
- Նման համագործակցության դեպքում նրանք անձնապես չպետք է «իշխանության նոր ձևավորվելիք համակարգում որևէ պաշտոն զբաղեցնելու» հավակնություններ ունենան կամ, այլ կերպ ասած, Փաշինյանի հեռացումը չպետք է պայմանավորված լինի նրանցից որևէ մեկի իշխանության գալով (Որևէ փաստարկ չունենալով հակադրվելու այս դրույթին, հայտարարվում է, թե իրենք «չեն հավատում» նման հավաստիացմանը: Հարգելիներս, «չհավատալը» քաղաքական կատեգորիա չէ, իսկ նման արձագանքն ինքնին ի ցույց է դնում դա շրջանառողների քաղաքական տգիտությունը: Ի՞նչ խոսք, Հայաստանի ապագան կասկածի տակ դրած և «ապագա կա ապագա» կարգախոսով հուսադրվողների համար «չհավատալը» կարող է և արժանահավատ փաստարկ հանդիսանալ)։
- իսկ, վերջին հաշվով, Տեր-Պետրոսյանն իր հայտարարությամբ բացահայտում է այն հանգամանքը, որ Փաշինյանի դեմ իր առաջարկած ձևաչափով հանդես գալն ի սկզբանե ձախողման միտում է ունեցել, քանի որ ձևաչափում ընդգրկվածներից առնվազն մեկը առաջնորդվել է սեփական ամբիցիաներով և ամեն գնով փորձել ու շարունակում է փորձել սեփական անձնական շահերն առաջ տանել (Ըստ էության, Տեր-Պետրոսյանի առաջ քաշած գաղափարը քննադատողները ամեն կերպ շրջանցում են հենց այս հանգամանքը: Այնինչ ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի հայտարարության բուն նպատակը հենց այս հանգամանքի ի ցույց դնելն էր: Ավելի կոնկրետ՝ ի ցույց է դրվել այն իրողությունը, որ Փաշինյանի վերարտադրությունը կասեցնելու դեմ նպատակադրված պայքարում, քաղաքական դաշտում առկա ուժերից ու անհատներից որոշներն առաջնորդվում են բոլորովին այլ մոտիվացիաներով)»: