08.05.2021 09:21

Լիպարիտյան․ «Թույլ չտանք, որ Պավլովի շան նման մեզ խաղացնեն»

Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը՝ նախկին երկու նախագահներին, ավելին էր, քան նախընտրական դաշինքը կամ Ազգային համաձայնության կառավարության ձևավորումը, ասում է առաջին նախագահի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, մանրամասնելով՝ այն կարող էր ցույց տալ, որ «մենք կարող ենք միավորվել» ու մի կողմ դնել տարաձայնությունները, երբ կանգնած ենք վտանգների առաջ։ Թեև հարցազրույցի պահին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի պատասխանը դեռ չէր հրապարակվել, Լիպարիտյանն արդեն իսկ կասկածներ ուներ, որ նրանք մերժելու են առաջարկը.

«Որովհետև այդ քայլի մեջ կա նախապայման, որ երեք նախագահները անձնապես չեն մասնակցելու նոր կառավարության։ Թերևս, ետևից հուշեն, քաղաքականություն առաջարկեն, բայց իրենք չեն իշխանավորները։ Իսկ, իմ կարծիքով, Քոչարյանի համար դա անընդունելի է»։

«Ողջ հայության պարտքն է գիտակցել, որ Փաշինյանի վարչախմբի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան նույնիսկ Ադրբեջանից և Թուրքիայից բխող հնարավոր կամ ենթադրյալ սպառնալիքները»,- հայտարարել էր առաջին նախագահը։

Ժիրայր Լիպարիտյանը հատուկ ուշադրություն է հրավիրում՝ Լևոն Տեր-Պետրոսյանը տարանջատել էր վտանգները՝ հնարավոր ու ենթադրյալ։

«Եթե թերագնահատենք դրանք, կարող ենք նոր խնդիրների առջև կանգնել, ինչպես եղավ վերջին պատերազմում, իսկ եթե գերագնահատենք, ավելի լավ խաղաղություն հաստատելու առիթները կկորցնենք»,- բացատրում է Լիպարիտյանը։

Փորձառու դիվանագետը զգուշացնում է՝ սխալ հաշվարկների ու քայլերի դեպքում մենք կարող ենք կորցնել նաև այն, ինչ մնացել է Ղարաբաղից. «Շատ կարևոր վտանգ կա՝ մենք նոյեմբերի 9-ի հայտարարությունը լուրջ չենք ընդունում կամ ստեղծում ենք հավելյալ խնդիրներ։ Կա միջանցքների հարցը, որից չենք կարող հրաժարվել, քանի որ ստորագրել ենք։ Ուրեմն, պիտի այնպես անենք, որ մեր ինքնիշխանությունը նվազագույն չափով պակասի, ոչ թե՝ առավելագույն»։

Լիպարիտյանը, որ առաջին նախագահի պաշտոնավարման տարիներին անձամբ էր բանակցում Անկարայի հետ` հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար, պնդում է՝ հաջորդ, ոչ պակաս կարևոր վտանգն այն է, որ հայկական կողմը միտումնավոր կամ ակամա է՛լ ավելի սրի ազգայնական տրամադրությունները հակառակ կողմում։

«Դա կարող է շատ ավելի քաջալերել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից թշնամական վերաբերմունքը։ Արդյունքում մենք կարող ենք կորցնել ապագայի բոլոր հնարավորությունները»,- ասում է Լիպարիտյանը, հավելելով, - «Պետության ռազմավարությունը չի կարող հիմնվել լոկ զգացմունքների՝ վախի ու ատելության վրա՝ անտեսելով առկա իրականությունը, ուժերի հարաբերակցությունը և իրավիճակը բարելավելու մեր հնարավորությունները»:

Լիպարիտյանը փաստում է, որ այսօր շատ ուժեր հենց այդ լարերի վրա են խաղում. «Ուժեր, կուսակցություններ կան, որոնք ցանկանում են, որ մեր քաղաքականությունը ճշտվի վախի վրա, և վտանգները կչափազանցնեն, որը ավելի վատ կդարձնի ամեն բան և կխոչընդոտի, որ մենք կարողանանք մտածել մի քիչ ավելի իրապաշտ և ճանապարհներ փնտրենք, վերլուծենք, ճիշտ որոշման գանք և թույլ չտանք, որ մեզ Պավլովի շան նման խաղացնեն»։

«Մենք իրավունք չունենք մեր ապագան ամբողջովին վստահել որևէ առանձին պետության կամ արտաքին ուժի․ պետությունները փոխվում են, բարեկամներն ու թշնամիներն են փոխվում, մենք ենք փոխվում»,- վերջին հոդվածում գրել էր Լիպարիտյանը։

«Իսկ ինչպե՞ս խաղաղություն կնքել կամ բանակցել հարևանի հետ, որը երկուշաբթի հայտարարում է խաղաղության մասին, երեքշաբթի՝ սպառնում հասնել Զանգեզուր»,- հարցրինք։

Հայտարարություններից ու քայլերից բացի, կարևոր է նաև այն, թե ինչ կարող էր դիմացինդ անել, բայց չարեց․ արձանագրում է դիվանագետը` հարց բարձրացնելով` ինչո՞ւ օրինակ՝ Ալիևը վերջին պատերազմն ավարտեց Շուշիում կամ ինչո՞ւ այսօր հրաժարվեց այնտեղ թուրք ազգայնականների՝ «Գորշ գայլերի» դպրոց բացելու գաղափարից. «Ադրբեջանն այսօր երկընտրանքի առջև է ընդհանրապես, ոչ միայն Ալիևը․ միջազգային իր PR-ի մեջ նա ասում է՝ մենք բազմալեզու, բազմազգ, բազմակրոն պետություն ենք, և հայերը վախենալու խնդիր չունեն։ Մյուս կողմից՝ սպառնալից հայտարարություններ է անում։ Եվ հենց այդ պատճառով մենք պիտի նստենք, խոսենք և հասկանանք՝ ճիշտը որն է, և դա պիտի անենք այն ժամանակ, երբ դեռևս նրա վրա ազդելու, որևէ կողմ ուղղելու հնարավորություն կա»։

«Ոչ թե անտեսել վտանգները կամ պնդել, թե հակահայկական տրամադրություններ ու նպատակներ չկան, այլ՝ սթափ ու սառը հաշվարկել՝ ինչն է հնարավոր, ինչը՝ երազանք, և ինչպես անենք, որ ցանկալիի ետևից գնալով՝ կրկին չկորցնենք այն, ինչ ունենք»,- ասում է Լիպարիտյանը, արձանագրելով՝ եթե տարիներ առաջ մենք կանգնած էինք վատի ու վատթարագույնի ընտրության առաջ, ապա այսօր ստիպված ենք ընտրել վատթարագույնի ու է՛լ ավելի վատի միջև։

 Ազատություն