08.05.2021 13:00

Laureus. Տարվա լավագույն մարզիկը, մարզուհին ու թիմը

Laureus. Տարվա լավագույն մարզիկը, մարզուհին ու թիմը

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը Laureus-ի վարկածով ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ: Նա այդ մրցանակին արժանացել էր նաև 2011 թվականին:

Նախորդ տարի իսպանացին 13-րդ անգամ նվաճել էր «Ռոլան Գարոսի» հաղթողի կոչումը: Laureus World Sports Awards-ի մրցույթում Նադալն առաջ է անցել Մյունխենի «Բավարիայի» լեհ ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկուց, «Լոս Անջելես Լեյքերսի» ամերիկացի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսից, Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն, «Մերսեդեսի» բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնից, ձողացատկի աշխարհի ռեկորդակիր, շվեդ Արման Դյուպլանտիսից և 10 հազար մետր վազքի աշխարհի ռեկորդակիր, ուգանդացի Ջոշուա Կիպրուի Չեպտեգեից։

Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական, որը նախորդ տարի հաղթել էր US Open-ում:

Տարվա լավագույն թիմ է ճանաչվել Մյունխենի «Բավարիան», որը Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորությամբ դարձել էր Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։