10.05.2021 11:23

Կորոնավիրուսն աշխարհում

Կորոնավիրուսն աշխարհում

Դելիի իշխանությունները երկարացրել են լոքդաունը Հնդկաստանի մայրաքաղաքում, կարանտինային սահմանափակումները ուժի մեջ են մնում նաև մի քանի նահանգներում։

Հնդկաստանում մահացությունը կորոնավիրուսից շարունակում է ռեկորդներ սահմանել․ կիրակի օրը մահացել է 4 հազարից ավելի մարդ, արձանագրվել է ավելի քան 400 հազար նոր դեպք։

Ընդդիմությունը կոչ է անում իշխանություններին համազգային լոքդաուն հայտարարել։ Միայն պաշտոնական տվյալներով՝ Հնդկաստանում արդեն մահացել է 230 հազար մարդ, ընդ որում՝ փորձագետներից շատերը համոզված են, որ իրական վիճակագրության թվերը շատ ավելի մեծ են։

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ մուսուլմանների ամենամյա ավանդական ուխտագնացությունը Մեքքա այս տարի տեղի կունենա, սակայն որոշակի պայմանների ենթարկվելով, որոնց մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ։ Որոշ տվյալներով՝ ուխտագնացությանը մասնակցելու գլխավոր պայմանը կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստման առկայությունը։ Անցյալ տարի Սաուդյան Արաբիայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով արգելել էին արտասահմանից ուխտագնացների այցը, իսկ ուխտագնացների ընդհանուր թիվը սահմանափակել էին 10 հազարով։

Այս տարի ուխտագնացությունը դեպի մուսուլմանական սրբավայրեր տեղի կունենա հուլիսի երկրորդ կեսին։

Չինաստանի իշխանությունները մտադիր են բաժանարար գիծ անցկացնել Էվերեստի գագաթին, որպեսզի իրարից բաժանեն Տիբեթի և Նեպալի կողմից մոլորակի ամենաբարձր կետը բարձրացող լեռնագնացներին, քանի որ Նեպալում այժմ կորոնավիրուսով վարակվածներ թվի աճ է նկատվում․ միայն անցած հանգստյան օրերին Էվերեստի բազայի ճամբարից տարհանվել է առնվազն 30 հոգի՝ կորոնավիրուսի կասկածով։

Կիպրոսը չեղարկում է կարանտինը այն զբոսաշրջիկների համար, ովքեր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Կիպրոսի իշխանությունները պատվաստումը հաշվի կառնեն Եվրամիությունում հաստատված բոլոր պատվաստանյութերով՝ Pfizer/BioNTech, AstraZeneca, Moderna, Janssen, ինչպես նաև «Սպուտնիկ V»-ով։ Պատվաստված զբոսաշրջիկները Covid-19-ի թեստ և պարտադիր կարանտին չեն անցնի։

Փոխանցում է BBC-ն։