27.09.2012 02:07

ՌԴ Պետդուման կարող է ազատազրկում սահմանել հակակրոնական քարոզի համար

ՌԴ Պետդուման կարող է ազատազրկում սահմանել հակակրոնական քարոզի համար

Ռուսաստանի  Պետդումայի խմբակցությունները խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել օրինագիծ, որն ազատազրկում է նախատեսում կրոնական զգացմունքների եւ համոզմունքների վիրավորանքի համար:

Ըստ Reuters-ի, ներկայացված օրինագծի ընդունումը հնարավորություն կտա քրեական հետապնդման ենթարկել մոսկովյան Քրիստոս Փրկիչ մայր տաճարում այս տարվա փետրվարին «պանկ-աղոթք» իրականացրած Pussy Riot խմբի կողմնակիցներին, ինչպես նաեւ՝ թույլ կտա արգելել աթեիզմի քարոզը եւ համաշխարհային դասական գրականության մի շարք ստեղծագործություններ:

«Օրինագծի մեջ առաջարկվող նորմերին խստորեն հետեւելու դեպքում, անհրաժեշտ կլինի արգելել Վոլտերի, Ռաբլեի, Բոդլերի, Խայամի ստեղծագործությունները, իսկ «Տասներկու աթոռից» պետք է հանել հայր Ֆյոդորի մասին հատվածները», - գրել է հայտնի բլոգեր Անդրեյ Մալգինը:

Բլոգերը հարցադրում է՝ արդյո՞ք պետք է պատժել Պուշկինին «Տերտերի ու Բալդի ծառայի մասին» հեքիաթի համար, ի՞նչ անել հակակղերական ստեղծագործություններով հայտնի Մայակովսկու, Եսենինի, Նեկրասովի, Գորկու հետ, ինչպե՞ս վարվել «Քաջ զինվոր Շվեյկի» հետ:

«Միակ բանը, որ կարող է ուրախացնել, այն է, որ արգելքի տակ կընկնեն նաեւ Լենինի ստեղծագործությունները», - եզրափակել է Մալգինը:

Մինչդեռ, ըստ նույն աղբյուրի, օրինագծի համահեղինակ, Կոմկուսի պատգամավոր Սերգեյ Օբուխովը օրենքի ընդունման մեջ վտանգավոր բան չի տեսնում: Նա օրինագիծը համեմատել է Խորհրդային Ռուսաստանում գործող՝ «բարոյական նորմերը պահպանող» համարժեք օրենսդրության հետ