20.02.2013 14:52

ԺՀՄԻԳ-ը տվեց նախնական՝ լղոզված գնահատականը

ԺՀՄԻԳ-ը տվեց նախնական՝ լղոզված գնահատականը
©Ֆոտոլուր

Նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային խոշոր կազմակերպությունները և, մասնավորապես, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, երեկ ներկայացրել են հետընտրական առաջին՝ նախնական զեկույցը: Վերջնական զեկույցը կտեսնենք մոտավորապես 8 շաբաթ անց: Նշենք, որ ԺՀՄԻԳ-ի հետ համատեղ՝ այս նախնական զեկույցի տակ ստորագրել են նաև ԵԽԽՎ, ԵՄ Խորհրդարանի դիտորդական պատվիրակությունները: ԵԽԽՎ պատվիրակությունը նաև առանձին զեկույց կներկայացնի՝ Ստրասբուրգում ապրիլին կայանալիք նստաշրջանի ժամանակ: Իսկ  ԵԽ-ն կներկայացնի իր զեկույցը Արտաքին գործերի կոմիտեին իր գալիք հանդիպմանը։

Այժմ ունենք մի զեկույց, որը կարծես գրվել է ամեն դեպքում ինչ-որ բան գրելու, և ոչ թե իրական, խորքային գնահատականներ ներկայացնելու համար: Մի բան, որի ականատես ենք լինում մենք պարբերաբար ԺՀՄԻԳ-ի դեպքում, ու թերևս հենց այդ պատճառով էլ երեկ նախնական զեկույցի ներկայացումը հարթ չանցավ՝  դիտորդների դեմ բողոքող երիտասարդների ակցիայի պատճառով:

Ինչևէ: Փորձենք հասկանալ՝ ինչ են ամրագրել իրենց նախնական զեկույցում միջազգային դիտորդները: Ըստ իրենց՝ դիտորդների, իրենց կողմից ընտրական գործընթացների գնահատումն իրականացվել է՝ որոշելու ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ պարտավորություններին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը: Ըստ դիտորդների, «փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները ընդհանուր առմամբ լավ կազմակերպված էին և բնութագրվում էին հիմնարար ազատությունների  նկատմամբ հարգանքի դրսևորմամբ»։ «Մրցակիցները կարողացել են  իրականացնել ազատ քարոզչություն։ Լրատվամիջոցները կատարել են իրենց իրավական պարտավորությունը տրամադրել հավասարակշիռ լուսաբանում,  և  բոլոր  մրցակիցները օգտագործել են իրենց տրամադրվող անվճար եթերաժամը։ Միաժամանակհանրային կառավարման անաչառության պակասը, վարչական միջոցների չարաշահումը և  ընտրողների վրա կիրառվող ճնշումը մտահոգոթյան առարկա են։ Մինչդեռ ընտրությունների օրը անցել է հանգիստ և բնականոն, ոչ հարիր միջամտություններ են  նկատվել ընտրական ընթացքի վրա հիմնականում գործող նախագահի վստահված անձանց կողմից, և որոշ լուրջ խախտումներ են դիտարկվել»,- ասված է զեկույցում։

Դիտորդների գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի քարոզարշավը ամենաակտիվն էր և տեսանելին։ Վարչական ռեսուրսների չարաշահումը, սակայն, այդ թվում՝ ընտրողների վրա ճնշում գործադրելու դեպքերը, Սարգսյանի քարոզչական միջոցառումներին պետական պաշտոնյաների մասնակցությունը, ինչպես նաև պետական և ինքնակառավարման մարմինների կողմից զբաղեցրած շենքերում նախընտրական շտաբների գտնվելու  մի քանի դեպքերը  աղավաղել են պետության  և իշխող կուսակցության բաժանումը, ինչը հակասում է 1990 թ. ԵԱՀԿ կոպենհագենյան փաստաթղթի 5.4 և 7.7 պարբերությունների մեջ ամրագրված՝ պետության և քաղաքական կուսակցությունների հստակ բաժանման հիմունքներին։

Դիտորդները գրել են, թե նախագահի որոշ թեկնածուներ բարձրաձայնել են իրենց մտահոգությունները ընտրացուցակների վերաբերյալ՝ պնդելով, որ գրանցված ընտրողների թիվը չափազանց ուռճացված է և  կարող է օգտագործվել արտերկրում բնակվող ընտրողների փոխարեն քվեարկության համար, սակայն նրանք որևէ ապացույց չեն տրամադրել՝ իրենց  տեսակետը պաշտպանելու  համար մինչև ընտրությունների օրը: Ի դեպ, եթե դիտորդները մի փոքր ավելի շատ աշխատեին քաղաքական ուժերի հետ, ապա կստանային այդ փաստացի ապացույցները, եթե, իհարկե, չեն ստացել, բայց այդ մասին չեն գրել իրենց զեկույցում: Մյուս կողմից՝ տարօրինակ է, որ, օրինակ՝ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և ԵԽԽՎ պատվիրակությունը կոնկրետ փաստերով ապացուցել էր, որ իրենք էլ ընտրացուցակների հետ կապված խնդիրներ տեսել են, իսկ այս անգամ դիտորդները չնկատելու են տվել այդ հարցը:

Դիտորդները նաև նշել են, թե քարոզարշավի կանոնակարգումները չեն ապահովել բավարար պաշտպանություն վարչական ռեսուրսի  չարաշահումից և չեն նպաստել  պետության և իշխող կուսակցության միչև  հստակ  բաժանմանը։ Գրել են նաև, որ հանրային կառավարման անկողմնակալության բացակայությունը նույնպես  հակասել է նույն փաստաթղթի 7.7 պարբերությանը։

Իսկ ահա քվեարկության օրը, ըստ դիտորդների, անցել է, ընդհանուր առմամբ, հանգիստ և խաղաղ: «Չնայած քվեարկությունը եղել է պատշաճ և լավ կազմակերպված, 970 դիտարկումների գերակշռող մասում, ՄԸԴԱ-ի դիտորդները  բացասական են գնահատել դիտարկված բոլոր դեպքերի 5 տոկոսը, հիմնականում՝ անտեղի միջամտելու և որոշ դեպքում՝ լուրջ ընտրախախտումների պատճառով։ ՄԸԴԱ-ի դիտորդները  արձանագրել  են մի շարք լուրջ խախտումներ, ներառյալ՝ խմբակային քվեարկություն  (6 տոկոս),  ոչ պատշաճ կարգով կնքված ընտրատուփերի առկայություն (5 տոկոս), ցուցակներում մի շարք նույնանման ստորագրությունների առկայության (3 տոկոս)  և բազմակի քվեարկության դեպքեր (2 տոկոս)։ Միջազգային դիտորդները նաև զեկուցել են ընտրատուփի լցոնման հնարավոր չորս դեպքերի մասին։ Դիտարկված ընտրատեղամասերի 6 տոկոսում ոչ բոլոր ընտրողներն են գաղտնի նշում կատարել իրենց քվեաթերթիկների վրա, և դիտարկված  12 տոկոսում՝ նախքան ընտրախցից դուրս գալը դրանք ծրարի մեջ  դրել։ Ընտրողների անձնագրերում դրվող հատուկ կնիքի թանաքը, որը բազմակի քվեարկության դեմ երաշխիք է և պետք է լիներ տեսանելի  12 ժամ, հեշտությամբ  մաքրվել է, չնայած ԿԸՀ-ի նախնական փորձարկումներին։ Այցելած ընտրատեղամասերի 7 տոկոսում  մեկ կամ ավելի ընտրողներ ետ  են դարձվել, քանի որ հիմնականում նրանց անունները  բացակայել են ընտրական ցուցակներից»,- իրենց զեկույցում գրել են դիտորդները։

Այսպիսով, ավանդական դարձած՝ «մեկ քայլ առաջ» և «գրեթե համապատասխանել է միջազգային չափանիշներին» գնահատականներ չեն տրվել: Մյուս կողմից, սակայն, գնահատականները տրվել են լղոզված, և եթե հաշվի առնենք, որ վերջնական զեկույցում հնարավոր է՝ տեքստային փոփոխություններ լինեն, ապա, ինչպես միշտ, այս անգամ էլ գնահատականը կախված կլինի նրանից, թե ինչպես կպայմանավորվեն ՀՀ իշխանություններն ու ԵԱՀԿ կենտրոնակայանը:

Քրիստինե Խանումյան 

«ՉԻ»