07.09.2012 13:31

Բենեդեկ Ժիգմոնդ. Սաֆարովի արտահանձնումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հունգարիայի համար

Բենեդեկ Ժիգմոնդ. Սաֆարովի արտահանձնումը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ Հունգարիայի համար

«Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը Ռամիլ Սաֆարովի արտահանձնման, դրա հնարավոր հետեւանքների ու Հունգարիայում ծավալված զարգացումների մասին զրուցել է հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդի հետ, ով առաջինն էր, ով արձագանքել էր ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը Հունգարիա` Facebook սոցիալական ցանցի իր էջում գրելով, որ այդ պահին ինքն ամաչում է, որ հունգարացի է: ilur.am-ը ներկայացնում է հարցազրույցն ամբողջությամբ: 

-Բենեդեկ, ի՞նչ նոր տեղեկություններ ունեք Հունգարիայից` Սաֆարովի արտահանձնումից հետո ինչպիսի՞ արձագանքներ կան: 

-Հունգարիայում, ինչպես հայտնի է, բողոքի ալիք է սկսվել ուրբաթ օրվանից, որը օրեցօր ուժեղանում է: Եւ երեկ (նախօրեին) Հունգարիայի խորհրդարանի առջեւ տեղի ունեցավ հսկայական մի ցույց, որին հազարավոր հունգարացիներ էին մասնակցում, եւ ովքեր, առաջին հերթին, ներողություն էին խնդրում Հայաստանից եւ հայ ժողովրդից: Շատերը նաեւ հենց Սաֆարովի արարքի դեմ են բողոքում: Հիմա այնտեղ փոքր ինչ մասնատված կացինը շատերի համար դարձել է խորհրդանիշ, որ չի կարելի կացինով մարդ սպանած անձին արտահանձնել: Շատ մարդիկ ցույցի ժամանակ Սաֆարովի «դեմքով» էին, եւ կացին էին դրել գլխների վրա` այդպիսով արտահայտելով իրենց բողոքը: Ցույցի մյուս նպատակը հունգարացիների բողոքն էր հենց հունգարական կառավարության արարքի դեմ, նրանք պահանջում էին, որ հունգարական կառավարությունը շտկի ստեղծված իրավիճակը եւ պաշտոնապես ներողություն խնդրի Հայաստանից: Բացի դա, ստեղծված այս իրավական անարդար վիճակը, որն արդյունքն է Հունգարիայի կառավարության որոշման, պետք է շտկի հունգարական կառավարությունը:

Այսինքն, հունգարական կառավարությունը պետք է հանդես գա միջագային բոլոր ֆորումներում եւ ստիպի միջազգային հանրությանը (ԵՄ, ԵԽ եւ այլն), որ իրենք ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի Սաֆարովը նորից բանտարկվի, եւ եթե ոչ Ադրբեջնում, ապա արտահանձվի միջազգային դատարանին եւ միջազգաին ձեւով դատապարտվի: Սա հունգար ժողովրդի ցանկությունն է: Իսկ վաղը` ուբաթ օրը, (այսօր, 07.09.12), նորից բողոքի ցույց է կազմակերպվելու, այս անգամ արդեն Հունգարիայի հայերն են այն կազմակերպում: Ինչը ես համարում եմ ավելի ճիշտ տարբերակ: Բանն այն է, որ շատ հունգարացիներ վրդովվել են, որ նախորդ ակցիայի կազմակերպիչները` կուսակցություններ եւ հ/կ-ներ, մի քիչ էլ իրենց շահերի համար են հայկական հարցը օգտագործել, որովհետեւ ցույցի մասնակից հունգարացիները ոչ թե այդ կուսակցություններին քաղաքականապես օժանդակելու համար էին դուրս եկել բողոքի, այլ` հենց հայերի հարցի պատճառով: Եւ հունգարահայերի կողմից կազմակերպվելիք ցույցը հենց այդ հունգարացիների համար է, որպես մի չեզոք բողոքի ակցիա: Բացի այդ, պետք է նշեմ, որ Facebook սոցիալական ցանցում  տասնյակ էջեր են բացվել, որտեղ հունգարացիները եւ հունգարերեն, եւ անգլերեն ներողություն են խնդրում հայերից եւ իրենց բողոքն են արտահայտում: 

-Իսկ ինչպե՞ս արձագանքեց հունգար ժողովուրդը Հայաստանի կողմից Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հայտարարությանը: 

-Դա միանգամից հասկացվել է: Ինձ համար էլ շատ հասկանալի եւ տրամաբանական արարք էր դա: Ես լսել եմ հայաստանյան վերլուծաբանների ելույթները, ովքեր սխալ են համարել հարաբերությունների խզումը: Դա էլ հասկանալի է: Բայց ամեն դեպքում, հունգարացիները միանգամից հասկացել են, որովհետեւ ցանկացած բարոյականության զգացում ունեցող մարդու համար դա պետք է հասկանալի լիներ: Երբ մարդը կացինով գիշերը սպանել է մարդու, ով պաշտպանվելու շանս չուներ, որովհետեւ քնած էր, եւ սպանվել է նրա համար, որ ինքը հայ էր, դա փաստացի ֆաշիստական եւ անմարդկային արարք է: Իսկ թե Հայաստան պետության համար դա ճի՞շտ էր, թե՞ ոչ, դա արդեն ուրիշ հարց է: Հայաստանի դիվանագիտական կորպուսն էլ, ԱԳՆ-ն էլ իր հերթին պետք է հասկանան հունգարական ժողովրսի կեցվածքը, կարծիքը, եւ ի վերջո այնպիսի քայլ անեն, այնպիսի դիվանագիտություն վարեն հունգարացիների հանդեպ, որ այդ կապերը չխզվի: Այսինքն, ես էլ, որպես անձ, կարծում եմ, որ չնայած, որ այդ քայլը հասկանալի է, այդուհանդերձ, վստահ չեմ, որ դա ծառայելու է ՀՀ շահերին: Ես մի կարեւոր հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն հրավիրել: Հայերի եւ հունգարացիների կապերը առնվազն 800 տարվա պատմություն ունեն: Մեր հիմնադիր թագավորը` սուրբ Ստեփանոսը գրել է իր հետեւորդներին, որ պետք է միշտ լավ նայեք ձեր փոքրամասնություններին, որովհետեւ նրանք ձեր հպարտությունն են: Սուրբ Ստեփանոսի հետեւորդները հայերին լավ են նայել: Մեր Բեյլա 4-րդ թագավորը հողեր էր նվիրել հայերին` 1243 թվականին, Հունգարիայի նախկին մայրաքաղաք Էստերգոմում, իսկ Հունգարիայի Անդրեաս 2-րդ թագավորը ժամանակին այցելել է Կիլիկյան Հայաստան: Ավելին, նա այնտեղ հանդիպել է Լեւոն թագավորի հետ, ում դստեր` Զաբելի հետ նշանել է իր որդուն:  Այսինքն, տեսեք, պատմությունն որտեղ է հասնում: Եւ այդ ընթացքում միշտ փոխադարձ սեր ու նվիրվածություն է եղել երկու կողմից, հայերը` 1848-49 թվականներին հակաավստրիական ազատագրական պայքարի մասնակիցն են եղել եւ իրենց կյանքն են տվել Հունգարիայի ազատության համար: Առաջին հայերեն լավ տառատեսակը 18-րդ դարում ստեղծվել է հունգարացի Միկլոշ Միստոդֆալուշին` Ամստերդամի հայկական տպարանում: Այս երկու ժողովուրդները իրար դիտել են միշտ որպես բարեկամներ, հունգարացիները 400 տարի պայքարել են օսմանյան թուրքերի դեմ, եղել են միշտ բնական դաշնակից հայերի հետ, թեեւ Օսմանյան Թուրքիայի ուրիշ մասում են ապրել: Նրանք երկուսն էլ նույն պատերազմն են մղել թուրքերի դեմ: 

Ուրեմն, այսպիսի հնամյա եւ բազմաշերտ կապը չի կարող միանգամից խզվել: Այսպիսի բաները չեն կարող անտեսվել: 

-Բայց այստեղ զայրույթն հասավ այնտեղ, որ որոշ հայեր այրեցին Հունգարիայի դրոշը, ինչը բացասական արձագանք ստացավ հունգարացիների շրջանում:   

-Շատ հունգարացիներ վրդովվել են Հունգարիայի դրոշը այրելու դեմ, եւ ի պատասխան դրա, նրանք ասում են, որ Հունգարիայի դրոշը դա ամբողջ հունգարացի ազգի խորհրդանիշն է: Մինչդեռ այդ որոշումը ընդամենը հունգարական կառավարության որոշումն էր: Հունգարացի ազգին եւ կառավարությանը չպետք է նույնացնել: Ուստի, եթե այդ դրոշն այրվում է Երեւանում, դա հունգարացիների դեմ արարք է, այն պահին, երբ ողջ հունգարացի ժողովուրդը մի մարդու պես կանգնած է հայ ազգի կողքին: Հասկանալի է, որ Հունգարիայի կառավարությունը կոպիտ ձեւով վիրավորել է հայ ազգին, հասկանալի են հայերի մեջ արթնացած բացասական զգացմունքները, սակայն, մյուս կողմից պետք է հասկանալ իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ հունգար ժողովուրդը դատապարտել է սեփական կառավարության արարքը: 

-Հաշվի առնելով այն, որ Հունգարիայի ներկայիս իշխանությունները, եւ, մասնավորապես, կառավարությունը բազմիցս դժգոհությունների առիթ է տվել հունգարացիների շրջանում, եւ որ այդ կառավարության վարկանիշը, մեղմ ասած, փայլուն չէ, ի՞նչ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ Սաֆարովի արտահանձման մասին որոշումը Հունգարիայի կառավարության համար:   

-Հիմա Հունգարիայի կառավարության արարքները չեն ընդունվում ողջ հասարակության կողմից, շատ լայնածավալ ընդդիմացում կա ժողովրդի մոտ: Եւ Սաֆարովի արտահանձնումը նման դժգոհություն առաջացրած առաջին  արարքը չէ: Մյուս կողմից, դա չի նշանակում, որ ամբողջ Հունգարիայի կառավարությունը, այնպես, ինչպես կա, վատն է, կամ իր վարած քաղաքակությունը ամբողջությամբ վատն է, բայց կոպիտ սխալներ արել են, որոնք պետք է քննադատվեն: Ու քանի որ այս արարքը բարոյական ոչ մի տեսակետից չի կարող դիտվել որպես ճիշտ, ուստի ամբողջ ժողովուրդը մերժել եւ ընդդիմացել է այդ որոշմանը: Այ սա արդեն ավելի լուրջ քաղաքական հետեւանքներ կարող է ունենալ, քան կառավարության նախկին սխալները:  

-Օրինակ` ի՞նչ հետեւանքներ: 

-Հունգարիան ԵՄ անդամ է: Մենք` ԵՄ երկրներս, համաձայնեցնում ենք մեր քաղաքական կյանքը: Մենք ունենք ընդհանուր խորհրդարան, որտեղ քննարկվում են բոլոր հարցերը: Մենք ունենք ԵՄ-ում կառույցներ, որոնք համարվում են ԵՄ կառավարությունը: Նրանց մենք ենք ընտրել, բայց քանի որ նրանք ամբողջ Եվրոպայի մարմիններն են, ուստի իրենք անընդհատ քննադատում են մեզ: Այսինքն, այն, ինչ կատարվում է մեր երկրում, կամ ԵՄ անդամ ցանկացած երկրում, այլեւս այդ երկրի ներքին գործը չէ: Եթե նման բան է կատարվել Հունգարիայում, ապա դա շատ լուրջ հետեւանք կարող է ունենալ Հունգարիայի համար, մասնավորապես ԵՄ-ի հետ կապված, քանի որ ամբողջ Հունգարիան է կապված է ԵՄ-ի հետ: Ասենք`ԵՄ-ն կարող է այլեւս փող չտալ Հունգարիային: 

-Ուզում եք ասել, տնտեսական պատժամիջոցների՞ կարող է բանը հասնել: 

-Մեղմ ասած: Չմոռանանք, Հունգարիան ԵՄ ամենաաղքատ երկրներից է: Քանի որ ԵՄ-ն կառուցված է համերաշխության սկզբունքի վրա, նշանակում է` ԵՄ կենտրոնական բյուջեից, այն երկրների համար, որոնք որոշ հարցերում ներդրումների կարիք ունեն, ներդրումներ են արվում: Իհարկե, որոշումը կայացվում է այն բանից հետո, երբ երկիրը դիմում է այդ ներդրումների խնդրանքով: Բայց ԵՄ-ն կարող է որոշել, որ ասենք` Հունգարիան արժանի չէ այդ ներդրումներին: 

Վերջում մի բան էլ կցանկանայի ավելացնել` ինչքան էլ քննադատվում է այսօրվա հունգարական կառավարությունը, այսօրվա իշխող կոալիցիան, ու որքան էլ հակասական չթվա, բայց այն հայամետ կոալիցիա է: Դա երեւում է նրանց նախորդ արարքներից: Օրինակ` Հունգարիայում կա ադրբեջանամետ մի ընդդիմադիր կուսակցություն` «Յոբբիկ» անունով, որը օրինագիծ էր ներկայացրել Հունգարիայի խորհրդարան, որով պահանջում էր դատապարտել հայերի կողմից Խոջալույում, այսպես կոչված, իրականացված ցեղասպանությունը: Սակայն ներկայիս իշխող կոալիցիան նույնիսկ չթողեց, որ այդ օրինագիծը մտնի խորհրդարանի օրակարգ:

 

Քրիստինե Խանումյան

«Չորրորդ Ինքնիշխանություն», 07.09.12