27.09.2012 12:20

Կանադան, ԱՄՆ-ը և Իսրայելը բոյկոտել են Ահմադինեժադի ելույթը

Կանադան, ԱՄՆ-ը և Իսրայելը բոյկոտել են Ահմադինեժադի ելույթը

Կանադայի պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին բոյկոտել է  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ելույթը: Կանադայի ԱԳՆ-ն այդ մասին հատուկ գրավոր հայտարարություն է տարածել:

«Ահմադինեժադի  ելույթը միայն հաստատեց այս ամսվա սկզբին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ մեր ընդունած որոշումը»: «Իրանի ձեռնարկած միջոցառումները մեծացնում են անկայունությունը տարածաշրջանում և աշխարհում,- ասված է փաստաթղթում:- Իրանցի ղեկավարները մշտապես ցուցադրում են իրենց անհարգալից վերաբերմունքը մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ: Իրանն ավելի ու ավելի է մեկուսանում միջազգային հանրությունից: Վարչապետ Սթիվեն Հարփերը և արտգործնախարար Ջո Բերդը բազմիցս հստակ հասկացրել են, որ Իրանը դիտում են որպես աշխարհի խաղաղությանը և անվտանգությանն ուղղված ամենամեծ սպառնալիք»:

Սեպտեմբերի 7-ին Կանադան հայտարարել էր Թեհրանում իր դեսպանատունը փակելու մասին և հինգ օր ժամանակ էր տվել, որպեսզի իրանցի բոլոր դիվանագետները հեռանան Օտտավայից:

Ահմադինեժադն իր ելույթում, մասնավորապես, հայտարարել է, թե «սիոնիստները» ռազմական սպառնալիք են ներկայացնում Իրանի դեմ: Ելույթը բոյկոտել էին նաև ԱՄՆ-ի և Իսրայելի պատվիրակությունները:

Լուսանկարը՝ EPA/ИТАР-ТАСС