21.02.2013 12:02

«Թագ փոխանցելու» ծրագի՞ր. Մամուլ

«Թագ փոխանցելու» ծրագի՞ր. Մամուլ

Առավոտն» իր այսօրվա խմբագրականում մասնավորապես գրում է.

«Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանն իմ նախընտրած թեկնածուն չէ, ես մեծագույն հարգանքով ու համակրանքով եմ վերաբերվում այդ բարի, ազնիվ, հայրենասեր անձնավորությանը, ուրախ եմ նրա հաջողության համար, հպարտ եմ զգում, որ Ազատության հրապարակում հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ, որոնք ցանկանում են փոխել մեր կյանքը:

Այդքան լավ բաներ ասելուց հետո հիմա պիտի ասեմ նաև բացասականը: Որպես մարդ, որն իր ողջ կյանքը գործ ունի տեքստերի հետ և առնվազն 18 տարի զբաղված է դրանց խմբազրմամբ, պիտի արձանագրեմ՝ Րաֆֆի տեքստերը, ելույթները և մասնավորապես երեկվա ելույթը հանրահավաքում չուներ կուռ տրամաբանական կառուցվածք, պարզ չէր՝ որտեղից է այն սկսվում և ինչի է հանգեցնում: Առանձին հատվածներ, իհարկե, շատ էմոցիոնալ էին և, ըստ էության, ճիշտ, գուցե հավաքվածներին դրանք հզոր դրական լիցք էին հաղորդում: Բայց դրանք, իմ տեսանկյունից, «նպատակասլաց» չէին: Որովհետև բացի լավ, արդար, բարեկեցիկ, ժողովրդավարական պետություն ունենալու՝ բոլորիս կողմից ընդունելի գաղափարից, մենք՝ քաղաքացիներս, պետք է հասկանանք, թե կոնկրետ ինչպիսի ճանապարհ է դրա համար առաջարկում տվյալ քաղաքական գործիչը: Եվ ահա, եթե բոլոր ճիշտ դարձվածքները մի կողմ դնենք, «չոր մնացորդում» կմնա, ինձ թվում է, հետևյալը. պարոն Հովհաննիսյանն առաջարկում է, որ գործող նախագահը գա Ազատության հրապարակ, հրաժարվի իր պաշտոնից և նախագահ հռչակի իրեն՝ Րաֆֆիին (ինչպե՞ս, ո՞ր փաստաթղթի հիման վրա):

Եկեք զուտ տեսականորեն ենթադրենք, որ Սերժ Սարգսյանը համաձայնում է և հենց այդպես էլ անում է. դա երկուսի կողմից էլ կլինի անպատասխանատվության, կամայականության և ապօրինության գագաթնակետը: Բայց չէ՞ որ մենք բոլորս ցանկանում ենք սահմանադրական նորմերի հաստատում: Բացի այդ, հարյուր հազարավոր մարդկանց ձայնը ստացած երկու գործիչների նման վարքը պարզապես ծաղրի առարկա կդառնա աշխարհում:

Այնպես որ՝ պայքարն, անշուշտ, ազնիվ է, բայց նպատակները պետք է ավելի հստակ ձևակերպվեն: Ընդդիմադիրները կարող են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Նրանք կարող են պահանջել վերահաշվարկ, և եթե այն հսկայական խեղումներ արձանագրի, ԿԸՀ-ն կարող է համապատասխան որոշում ընդունել: Վերջապես՝ հետագայում, հավանաբար, խնդիր կառաջանա դիմելու Սահմանադրական դատարան, որը կարող է չեղյալ հայտարարել ԿԸՀ-ի՝ ընդդիմության համար ոչ ցանկալի որոշումը: Հավանաբար, կան նաև այլ լուծումներ: Բայց ակնհայտ է, որ հենց այնպես գալ և իրար «թագ փոխանցել»՝ դա կլինի պարզապես անհարգալից վերաբերմունք օրենքի և, ի վերջո, նույն քաղաքացիների նկատմամբ»: