27.09.2012 15:15

Դավութօղլուն հանդիպել է Հիլարի Քլինթոնի և Ահմադինեժադի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով թուրքական Anadolu գործակալությունը:

Քլինթոնի և Դավութօղլուի` շուրջ մեկ ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներն են եղել ՆԱՏՕ-ն, Իրաքը, Սիրիան, թուրք-իսրայելական հարաբերությունները և վերջերս մեծ աղմուկ հանած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը: Դավութօղլուն ներկայացրել է Թուրքիայում սիրիացի փախստականների վիճակը: Անդրադառնալով Իսրայելի հետ հարաբերություններին` Քլինթոնը հույս է հայտնել, որ երկկողմ հարաբերությունների բարելավման համար երկու երկրներն էլ անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն:

Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն իր անհանգստությունն է հայտնել` կապված վերջին շրջանում որոշ իրանցի քաղաքական գործիչների կողմից Թուրքիայի հասցեին հնչեցրած մեղադրանքների հետ: Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում տիրող իրադրությանը և հետագա քայլերին, որոնք կնպաստեն երկրում իրադրության կարգավորմանը: