27.09.2012 15:31

ԼՂՀ կառավարությունը քննարկեց հիմնական ուղղությունները

ԼՂՀ կառավարությունը քննարկեց հիմնական ուղղությունները

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ այսօր, սեպտեմբերի 27-ին, տեղի  է ունեցել ԼՂՀ նորանշանակ կառավարության առաջին նիստը: Այդ մասին iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից: Անդրադառնալով նախկին կառավարության կատարած աշխատանքներին՝  Բակո Սահակյանը  նշել է, որ, ընդհանուր առմամբ, նրան հաջողվել է իրականացնել նախանշված ծրագրերը, ինչի մասին են վկայում 2007-2012 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական ցուցանիշները եւ գրեթե բոլոր ոլորտներում արձանագրված առաջընթացը:

Միաժամանակ, ԼՂՀ նախագահը նշել է, որ կան նաեւ չլուծված կամ մասամբ լուծում ստացած խնդիրներ ու բացթողումներ: Ըստ նրա՝ նոր կառավարությունը, օբյեկտիվորեն գնահատելով ձեռքբերումները, պետք է կատարի համապատասխան հետեւություններ եւ ներկայացնի այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա որակապես նոր մակարդակի վրա լուծել մեր հասարակության առջեւ ծառացած խնդիրները: Բակո Սահակյանն  ընդգծել է, որ առաջիկա հինգ տարիներին անհրաժեշտ է ապահովել 9-11 տոկոս տարեկան տնտեսական աճ, որի համար կան բոլոր հնարավորություններն ու նախադրյալները:

Բակո Սահակյանի խոսքով՝ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում, որոնք  առաջիկա տարիներին կհանդիսանան ԼՂՀ տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները, խոշոր ծրագրերի իրականացումը հնարավորություն կտա ապահովել տնտեսական աճի կայուն տեմպերը:

Տնտեսության գերակա ճյուղերի առաջընթացի ապահովման գործընթացում Բակո Սահակյանը մեծ տեղ է հատկացրել գիտության եւ կրթության զարգացմանը՝ հիմնական նպատակ համարելով որակյալ երիտասարդ մասնագետների պատրաստումը, ովքեր կդառնան ԼՂՀ սեփական կադրային բանկի հիմքը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նաեւ սոցիալական ապահովության, առողջապահության, զբոսաշրջության, մշակույթի եւ սպորտի ոլորտներին: ԼՂՀ նախագահի խոսքով՝ այս ուղղությամբ իրականացվելու են լայնածավալ աշխատանքներ, որոնք նոր որակ կհաղորդեն մեր հանրապետության համար այս կարեւոր բնագավառներին:

Սահակյանը ԼՂՀ բոլոր ձեռքբերումների հիմքը համարել է հզոր ու մարտունակ բանակը՝ հավելելով, որ պետությունն այսուհետ էլ կանի ամեն ինչ զինված ուժերի առջեւ ծառացած խնդիրներն ըստ արժանվույն լուծելու համար:

Բակո Սահակյանը նշել է նաեւ, որ նորանշանակ կառավարության անդամներից ակնկալում է ազնիվ ու քրտնաջան աշխատանք, սրտացավ վերաբերմունք մեր պետության ու ժողովրդի հոգսերի նկատմամբ: Նախագահը իր՝ որպես մարդու եւ որպես պետության ղեկավարի համար անընդունելի ու անթույլատրելի է համարել այլ մոտեցում՝ ընդգծելով, որ պետության առջեւ ծառացած խնդիրները բարդ են, բայց եւ՝ միանգամայն լուծելի: