21.02.2013 19:22

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց զրուցել առանց լրագրողների

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրեց զրուցել առանց լրագրողների
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Այսօր նախագահականում կայացավ Սերժ Սարգսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ իշխանական ԶԼՄ-ների բնորոշմամբ՝ արդեն պատմական համարվող հանդիպումը: Այո, հանդիպումն աննախադեպ էր, հատկապես՝ դրա բովանդակային առումով: Հատկապես՝ երբ վերջում (այն բանից հետո, երբ մենք իմացանք Սերժ եւ Ռիտա Սարգսյանների որպիսության մասին) Սերժ Սարգսյանը կարծես պատահաբար հարցրեց, ինչպե՞ս է ցանկանում Րաֆֆի Հովհաննիսյանը՝ զրուցեն լրագրողների ներկայությա՞մբ, թե՞ առանց լրագրողների: Ու Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ պետք չէ»:

Պարոն Հովհաննիսյանը, անկասկած, խիստ տարօրինակ իրեն դրսեւորեց՝ լրագրողների ներկայությունից հրաժարավելով: Առավելեւս՝ Սերժ Սարգսյանի հարցի ֆոնին, երբ թափանցիկ ու բաց խոսելու ընտրությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքում էր: Եւ այն, որ Րաֆֆին հրաժարվեց լրագրողների ներկայությունից, որոշակի հարցեր է առաջացնում: Ի՞նչ ունի թաքցնելու լրագրողներից, ասել է թե՝ հանրությունից, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մարդ, ով, ըստ ԿԸՀ պաշտոնական արձանագրության, ավելի քան կես միլիոն քվե է ստացել:  Մարդ, ով ընդամենը մեկ օր առաջ Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանին սպասելիս հայտարարում էր. «Վաղը այս հրապարակը, որը պատկանում է բոլորին, բրոնյա է վերցրել պարոն Սերժ Սարգսյանը: Եվ մենք պետք է սպասենք այստեղ մինչև վաղը ժամը 2-ը, կամ որքան պետք է, և իրեն դիմավորենք, և իշխանության փոխանցման արարողությունը կատարենք հենց այստեղ` Ազատության հրապարակում: Եթե կան բանակցելու խնդիրներ, թյուրըմբռնումներ, փոխադարձ պահանջներ, մենք դա կանենք հրապարակավ հենց այստեղ, ձեր աչքի առաջ»։

Մեկ օր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում էր թափանցիկ, ժողովրդի աչքի առաջ հանդիպում, իսկ մեկ օր անց, երբ Սերժ Սարգսյանն իրեն հարցնում է՝ ինչպե՞ս զրուցենք, լրագրողների ներկայությա՞մբ, թե՞ առանց լրագրողների, Րաֆֆի Հովհաննիսյանն ասում է՝ պետք չէ: Մի կողմ թողնենք այն, որ Սերժ Սարգսյանին, բնականաբար, պետք չէր հրապարակային զրույց, դա անհերքելի փաստ է: Այլ հարց է, որ Սարգսյանը զրույցը փակ անցկացնելու որոշման պատասխանատվությունը դրել էր Րաֆֆի Հովհաննիսյանի վրա, եւ արդյունքում ստացվեց, որ հենց վերջինս կայացրեց հանդիպումը փակ անցկացնելու որոշումը: Տարօրինակ մի որոշում՝ նախագահական ընտրություններում երկրորդ տեղը գրաված, ԿԸՀ տվյալներով՝ ավելի քան կես միլիոն քվե ստացած գործչի համար: Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չցանկացավ, որպեսզի լրագրողները ներկա լինեն իրենց խոսակցությանը, մի՞թե կես միլիոն արձանագրված քվե ստացած անձը թաքցնելու բան ունի: Հաղթող թեկնածուն՝ ընտրությունները կեղծած թեկնածուի հետ բաց խոսելու այնքան հարցեր ունի, որ թափանցիկությունից հրաժարվելն առնվազն տարօրինակ է:

Ի դեպ, ժամանակին, երբ Հայ ազգային կոնգրեսը բանակցում էր իշխող կոալիցիայի հետ, ընդդիմությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով երկխոսության ընթացքը ուղիղ եթերում հեռարձակել հանրային հեռուստաընկերության եթերում: Իշխանությունները հրաժարվեցին: Բնականաբար: Ու պարզ դարձավ, թե ով չունի թաքցնելու բան, եւ ով ունի, պարզ դարձավ, թե ով ունի ասելիք, եւ ով չունի ասելիք: Այժմ ամեն ինչ խառնվել է իրար՝ Սերժ Սարգսյանն առաջարկում է ընտրել փակ եւ բաց խոսելու տարբերակների միջեւ, Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրում է զրուցել առանց լրագրողների: Սա, մեղմ ասած՝ տարօրինակ է ընդդիմադիր թեկնածուի համար: Իսկ եթե մի քիչ ավելի ուղիղ խոսենք՝ սա առնվազն սկանդալ է:

Պարգեւ Ապրեսյան