27.09.2012 18:23

Ռուսաստանի ամենաազդեցիկ 100 մարդիկ

«Русский репортер» պարբերականի սեպտեմբերի 27-ին լույս տեսած հատուկ համարը նվիրված է Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ մարդկանց: Հասարակական կարծիքի հետազոտման համառուստանյան կենտրոնի (ВЦИОМ) կազմած ցուցակում ընդգրկվել են ամենատարբեր մասնագիտությունների և գործունեության տեր մարդիկ՝ գիտնականներ, գործարարներ, մանկավարժներ, բժիշկներ, մարզիկներ և այլն:

Հիմնվելով տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հարցազրույցների վրա՝ հետազոտական կենտրոնը յուրաքանչյուր ոլորտից ընտրել է 2011-12թթ. ընթացքում մեծ հեղինակություն ձեռք բերած 10-ական մարդ:

Եվ այսպես, ամենաազդեցիկ քաղաքական գործիչ է ճանաչվել Վլադիմիր Պուտինը: Ամենահեղինակավոր մշակութային գործիչների ցուցակը գլխավորում է դերասանուհի Չուլպան Խամատովան, որը հիմնել է «Подари жизнь» մանկական բարեգործական հիմնադրամը: Առաջին գիտնականն է աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Նիկոլայ Կարդաշևը: Ամենաազդեցիկ բժիշկների ցուցակը գլխավորում է մանկական վնասվածքաբանության և շտապ վիրաբուժական օգնության կենտրոնի տնօրեն Լեոնիդ Ռոշալը, մարզական գործիչներից առաջինը վոլեյբոլի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Ալեկնոն է, թիվ մեկ գործարարը՝ Mail.ru-ի համասեփականատեր Յուրի Միլները: Իսկ ուժային կառույցների ներկայացուցիչների ցուցակը գլխավորում է թմրամիջոցների շրջանառության վերահսկման դաշնային ծառայության տնօրեն Վիկտոր Իվանովը: