26.02.2013 00:51

Երեք փոքրիկ պատմություն, որոնք նվիրում եմ Հայոց համազգային շարժմանը եւ Հայ ազգային կոնգրեսի մնացյալ ընկերներիս

Երեք փոքրիկ պատմություն, որոնք նվիրում եմ Հայոց համազգային շարժմանը եւ Հայ ազգային կոնգրեսի մնացյալ ընկերներիս

Ես «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ չեմ ու չեմ եղել: Բայց 88-ից Լեռնային Ղարաբաղի ազատագրման եւ Հայաստանի անկախացման ակունքներում կանգնածներից հիշողներ կլինեն, որ ինձ կամ «ՀՀՇ-ի նվիրյալ» էին ասում, ինչի համար մինչ օրս հպարտ եմ, կամ ասում էին` ՀՀՇ-ի կամակատար, ինչի համար առանձնապես սրտի ծակոցներ չեմ ունենում: Գուցեեւ ինչ-որ տեղ կամակատար եմ եղել, բայց ով ուզում է` թող հավատա, ով չի ուզում` իր պրոբլեմն է, գրաքննիչս ես էի: Լավ է, թե վատ, բայց այդ ծանրագույն ժամանակներում ՀՀՇ-ն ոչ էլ գերագնահատում էր լրատվամիջոցների դերը, որ մի բան էլ` պատվեր իջեցներ «վերեւներից»: Շարժման ալիքի վրա ինքնաբուխ լրագրող էի դարձել ու գրում էի` ինչ սիրտս էր թելադրում: Ի դեպ, հիմա էլ եմ նույնն անում, այդպես էլ «չաճեցի»:

Իրենցից մեկն էի, իրենց ճիշտն իմ ճիշտն էր, իրենց սխալն իմ սխալն էր: Սա՛ էր սրտիս թելադրանքը: Իսկ այդ ժամանակ Հայաստանում ճիշտն էլ, սխալն էլ «Ղարաբաղ» կոմիտեի հիմքի վրա ստեղծված Հայոց համազգային շարժումն էր անում: Թող ոչ ոք նյարդային շարժումներ չանի, իմ ասածը բացարձակ ճշմարտություն է: ՀՀՇ-ն էր Շարժման առաջամարտիկը, Ազատության հրապարակի պահապան հրեշտակը, Հայաստանում ընթացող ազատության համար պայքարի պատասխանատվության կրողը: Իսկ ումից պատասխան են պահանջում, հենց նա էլ գործ անողն է, գործ անողների պատասխանատուն: Հայոց համազգային շարժման հիմնադրած «Հայք»-ն էլ առաջին անկախ, ո՛չ ինքնահրատ թերթն էր, որտեղ իրենց խոսքն էին ասում ազատության համար բոլոր պայքարողները` անկախ այն բանից` համակրում էին ՀՀՇ-ին, թե չէին համակրում:
Օրերով կարելի է գրել այդ տարիների մասին, բայց, չգիտեմ ինչու, երեք պատկեր է դաջվել հոգուս մեջ: Մեկը` առաջին անգամ իմ ու Վանոյի ատրճանակի «պատմական» հանդիպումն էր (դե, լավ է էլի Ֆեյսբուքում գրելը, այս տողից հետո մի կեսմետրանոց փոքրատառ «ճ» կգրեի, ինչը նշանակում է` բուռն եւ երկարատեւ ծիծաղ): Օդանավակայանում մերոնց ու ռուս զինվորների հայտնի բախման օրն էր կարծեմ, ու Վանո Սիրադեղյանը տղաների հետ շտապում էր այնտեղ: «Լիզո»,- ասաց Վանոն` ՀՀՇ-ում էինք: Ասացի` հը՛: Էդ հը՛-ն էր, մեկ էլ պիջակի գրպանից մի ատրճանակ հանեց, մի տուփ էլ փամփուշտ ու մեկնեց ինձ. «Օդանավակայան եմ գնում, էս կտանես տուն, վաղը կբերես»: Լիզո դու Լիզո, չորացա: Կյանքումս ատրճանակ տեսել էի լուսանկարներում ու կինոնկարներում: Բայց ճա՞րս ինչ. էս բովանդակ աշխարհում հարազատ ընկերս ինձ էր վստահում իր ատրճանակը, որն այդ օրերին նույնացվում էր պատվի հետ: «Տղամարդավարի» վերցրի, «տղամարդավարի» դրեցի պայուսակիս մեջ, «տղամարդավարի» ընկերոջս ուղարկեցի կռիվ տալու օտարերկրա զավթիչների դեմ, ու, փառք Աստծո, ծնկներս էին դողում, ձեռքս չդողաց, ու Վանոն չնկատեց, թե ինչ օրի եմ: Դե, թե ոնց եմ ատրճանակը տուն հասցրել` չասեմ: Երեւանը ոտնատակ տվող ռուս զինվորներ, ռուս զինվորներից ավելի «ռուս զինվոր»` սովետահայ «գործ տվողներ»: Ես էլ տաքսու փող չունեմ` ավտոբուսով եմ տուն գնում, ու այնպես եմ գրկել պայուսակս, որ միայն ապուշը չէր հասկանա, որ «ըտե մի բան կա»: Ամեն դեպքում` բարով-խերով տուն հասցրի, բարով-խերով տնտղեցի ատրճանակը, ընտելացա, հետն ընկերացա, ապահով թաքցրի, հաջորդ օրը, առանց ծնկների դողի, իր «բոյ-բուսաթով» տարա ու հանձնեցի տիրոջը: Երանի էդ օրը, Վանո ջան:
Երկրորդն անանձնական պատմություն է: Տղերքը գնում էին հայրենիքը պաշտպանելու: Նման բան մեր երազներում էլ չէինք տեսել: Խմբված էինք Հայոց համազգային շարժման գրասենյակի առաջ:  Ճանապարհում էինք մեր եղբայրներին: Հերթով դուրս էին գալիս` զենքն ուսներին: Երկու բան չեմ մոռանում. զինված տղերքի մի քիչ շփոթված (երեւի ոնց որ ես Վանոյի ատրճանակը` իրենցից շատերն էլ էին առաջին անգամ զենք բռնում), հուզախառն հպարտ-հպարտ հայացքը: Իսկ առավե՛լ չեմ մոռանում ու երբեք չեմ մոռանա, թե ինչ հայացքով էին նրանց նայում անզեն տղամարդիկ: Իրենց չէ` զենքերին: Դժվար թե, եթե այդ պահին հրաշքով իրենց առջեւ հայտնվեին «Օսկարի» արարողության ժամանակ կարմիր գորգի վրայով սահող գեղեցկուհիները, մեր անզեն տղամարդիկ այդպես «վավաշոտ» հայացքով նայեին նրանց: Դե, փեշավորներս էլ, պարզ է, արցունքի հեղեղ էինք կապել` մեր տղերքը գնում էին կռիվ… Հետո էինք հասկանալու, թե պատերազմն ինչ է, հետո` երբ էդ տղերքից շատերն այլեւս դառնալու էին հուշ-մրմուռ, երբ տեսնելու էինք ադրբեջանական ուրվական գյուղերն ու քաղաքները, ինչը նույնքան ծանր էր նստելու մեր հոգիներին, որքան` եթե դրանք մեր գյուղերն ու քաղաքները լինեին: Հետո էինք հասկանալու, որ այդ պատերազմը մեզ պարտադրված էր, բայց ամեն ինչ պետք է անել, որ այլեւս նման արհավիրք չպարտադրվի: Իսկ այդ ժամանակ որքան հուզված էինք, նույնքան երջանիկ էինք` մեր տղերքը գնում էին կռիվ: Ոչ երանի այդ օրը, տղերք ջան:
Երրորդը զավեշտալի պատմություն է, բայց` ուսանելի: Գոնե ինձ համար` հաստատ: Եթե կարծում եք, այդ ժամանակ Հայոց համազգային շարժմանը փայփայում էին, երկրաշարժի փլատակների տակ մնացած, պատերազմական օղակում հայտնված մեր մի բուռ երկրում բոլորն իրար գլխի հավաքված` օգնում էին տղերքին, որոնք ո՛չ Բաքվի «վեպեշե»-ն էին ավարտել, ոչ սովետի տարիներին պաշտոն էին ունեցել, ոչ էլ ցանկացել էին ունենալ ու նոր-նոր սովորում էին` ինչպես բոլորս, թե ժողովրդավարությունն ու ազատ խոսքն ինչ են-ինչ չեն, չարաչար սխալվում եք: Հարվածում էին աջից ու ձախից, հարվածում էր` ով հասնում էր: Հայրենասիրության դասեր էին տալիս նույնիսկ նրանք, իսկ դրանք քիչ չէին, մի բան էլ` շատ-շատ էին, ովքեր Ազատության հրապարակի մեր պայքարը ցեխոտում էին եթերում, մամուլում, որտեղ հնարավոր էր եւ որտեղ հնարավոր չէր: Հիմա են ոմանք հիշում կայունության ու եսիմինչերի մասին, Հայաստանի նորագույն պատմության ամենաանկայուն շրջանում այդ բառը շրջանառության մեջ դրված չէր: Եվ ես մի երգիծական հոդված գրեցի «Հայք»-ում: Նշածս քննադատների հավաքական «հերոսի» լեզվով: Հայոց համազգային շարժումը վատն է` սա է արել, սա է անում… Հաջորդ օրը գնում էի ՀՀՇ, եւ Բաղրամյան փողոցի հենց այդ մայթով Լեւոն Տեր-Պետրոսյանն էր իջնում մերոնցից մեկի հետ (թող ներողամիտ լինի, չեմ հիշում` ով էր): «Էս ի՞նչ բերեցիր մեր գլխին»,- ծիծաղելով ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Ի՞նչ եմ արել»,- հարցրի: Պարզվեց` ընթերցողների մեծ մասը հենց ուղղակի իմաստով էլ հասկացել էր, որ ես ՀՀՇ-ի քարը քարի վրա չեմ թողել, եւ առավոտից զանգում են «Հայք»-ի խմբագրություն ու մեղադրում, թե` իբր քիչ են ՀՀՇ-ին քննադատողները, արդեն «Հայք»-ն է՞լ է այդ ճամփան բռնել: Ճիշտն ասած` ապշեցի: Ըստ իս, անհնար էր չհասկանալ, որ ես ծաղրել էի ՀՀՇ-ին քննադատողներին, որովհետեւ այնպիսի անհեթեթ մեղադրանքներ էի գրել, որ մեծ ջանքեր էին հարկավոր` դրանց մեջ լրջություն գտնելու համար: Ասացի` վայ, լավ, հիմա կգնամ մի բան կգրեմ, կբացատրեմ, որ կատակ էր: Լեւոն Տեր-Պետրոսյանի պատասխանը սա էր. «Նման բան չանես: Երբե՛ք քո մակարդակից չիջնես, թող իրենք բարձրանան քո մակարդակին»: Չգիտեմ` ինձ հաջողվել է Տեր-Պետրոսյանի այս խորհուրդը կյանքի կոչել, թե` ոչ, բայց որ ողջ կյանքում ձգտել եմ դրան, սա հաստատ է: Շնորհակալ եմ, պարոն Նախագահ:
Ինչու՞ այս երեք պատմությունը հիշեցի: Թող յուրաքանչյուրն իր հետեւությունն անի: Հայոց համազգային շարժումն իմ հարազատն է, չնայած կուսակցություն դառնալուց հետո մատներիս վրա կարող եմ հաշվել, թե քանի անգամ եմ մտել այնտեղ:
Ես հավատում եմ այդ կուսակցության անկաշառ անդամներին, որ այսօր էլ ամեն ինչ կանեն, որ հնգամյա անհավասար պայքար մղող Հայ ազգային կոնգրեսն ավելի ամրանա: Հավատում եմ, որ հասկանում են` այսօր էլ նույն բանն է կատարվում, այսօր էլ Հայաստանի փրկության խնդիրն է կախված բոլորիս գլխին, այսօր էլ Կոնգրեսի գլխին նույն ստոր խաղն են խաղում, ինչպես այն ժամանակ` Հայոց համազգային շարժման:
Մենք տեսնելու ենք մեր երազած Հայաստանը: 

Լիզա Ճաղարյան