26.02.2013 19:17

Ճանաչում՝ Ղարաբաղի դիմաց. Բարտերն ուժի մեջ է

Ճանաչում՝ Ղարաբաղի դիմաց. Բարտերն ուժի մեջ է

Այն, որ Սերժ Սարգսյանը միջազգային հանրության համար ուղղակի գտածո քաղաքական գործիչ է, նորություն չէ: 2008-ին մենք դա արդեն տեսել ենք: Սերժ Սարգսյանը այնքան բան կարող էր տալ միջազգային հանրությանը (ԼՂ հիմնախնդրի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում), որ դրա դիմաց վերջինիս լեգիտիմացումը չնչին մի բան կարող էր լինել նրանց կողմից:

Իմա՝ կարելի է ասել, որ Սարգսյանը դե ֆակտո չի կատարել միջազգային հանրության պահանջները: Կարելի է ասել: Բայց Սարգսյանն ինքը 2012-ի սեպտեմբերի 21-ի իր ելույթում տվել է այդ հարցի պատասխանը, թե ինչու չի կատարել իր կողմից տրված խոստումները: Այսպես՝ իր ելույթում Սերժ Սարգսյանը նշել էր. «Անցած տարիները, եթե փորձենք բնորոշել մեկ բառով, հավատարմության տարիներ էին: Հավատարմություն մեր ժողովրդի ընտրությանը, ազատությանն ու ժողովրդավարությանը, հավատարմություն մեր դաշնակիցներին և գործընկերներին, հավատարմություն մեր արժեհամակարգին ու նպատակներին, մեր գաղափարներին ու սկզբունքներին»:

Ապա հավելել էր. «Մեր արտաքին քաղաքական թիվ մեկ մարտահրավերը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Որքան էլ դժվար լինի, Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված բանակցությունների շարունակության համար մենք պետք է ճանապարհներ փնտրենք: Եթե Մինսկի խմբի համանախագահների ջանքերը մինչև հիմա չեն պսակվել մեծ հաջողություններով, դրա պատասխանատուն համանախագահները չեն և, առավել ևս, ոչ էլ միջազգային այդ ձևաչափը, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել մեր հարևանները: Մեղավորը նրանք են, ովքեր պարբերաբար ռմբահարում են խաղաղ բանակցությունների ընթացքն ու տրամաբանությունը»:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման վերջին տարում ուղիղ տեքստով ասել էր, որ ինքը, ըստ էության, հավատարիմ էր մնացել իր խոստումներին, բայց այն, որ դրանք իրականություն չէին դարձել, ոչ թե իր, այլ՝ Ադբեջանի և Թուրքիայի մեղքով է եղել:

Հիմա դառնանք այս ընտրություններին: Ակնհայտ էր, որ ինչպես 2008-ին, այնպես էլ՝ այս անգամ նախագահ չընտրված Սերժ Սարգսյանը նորից պետք է կանգնի «Ղարաբաղ՝ընտրության դիմաց» բարտերի առաջ: Ու կանգնել է: Դեռ ընտրությունների պաշտոնական արդյունքները չհրապարակված՝ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ հղեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդը: Վերջինս իր շնորհավորական տեքստում բաց և ուղիղ տեքստով խոսեց ԼՂ հիմնախնդրի մասին՝ նշելով. «Ընտրություններից հետո վերահաստատում եմ նաև վճռականությունս գործի դնել ամեն հնարավորը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության: Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի բարեկամ Ֆրանսիան մնում է վճռական՝ օժանդակելու չափազանց երկար տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորմանը»:

Ֆրանսիան, հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկն է: Երեկ էլ, ահա, նույն տեքստով շնորհավորական ուղերձ ստացվեց մյուս համանախագահող երկրի՝ ԱՄՆ-ի կողմից: Ուշագրավ է, ի դեպ, որ շնորհավորական ուղերձը հղել էր ոչ թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այլ՝ ԱՄՆ նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրին: «Ես նաև մնում եմ հանձնառու օգնելու ձեր երկրին՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցային լուծում, և խնդրում եմ Ձեզ, որպեսզի այսուհետ ևս Մինսկի խմբի համանախագահներին ցուցաբերեք Ձեր լիակատար աջակցությունը: Մենք չենք կարող բավարարվել ստատուս քվոյի պահպանմամբ, մենք պետք է օգտագործենք այս ժամանակահատվածը՝ խաղաղ գործընթացին նշանակալի աջակցություն ապահովելու համար»,-ասված էր ԱՄՆ պետքարտուղարի շնորհավորական ուղերձում:

Փաստորեն՝ Սերժ Սարգսյանը դեռ չի հասցրել անգամ երդմնակալության արարողությունը կազմակերպել, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները արդեն վերջինիս հետ կոնկրետ «առևտուր» են անում: Մի խոսքով, եթե Սերժ Սարգսյանը մնա իր պաշտոնում, ապա այս անգամ նրանից Ղարաբաղը հաստատ կկորզեն: Եթե մնաց ու դիմադրեց՝ ուրեմն պաշտոնը կկորզեն: Ասել է թե՝ ճիշտն այս պահին այն է, որ հայ հասարակությունը թույլ չտա Սերժ Սարգսյանին մնալ իր պաշտոնում, և ինքը թելադրի իր պետական շահերը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում: Եւ դա նախ պետք է սկսել իշխանափոխությունից, ապա՝ պաշտոնական Ղարաբաղին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելուց:

Պարգև Ապրեսյան