27.02.2013 11:54

Դասադուլ և դասի իրավունք. Մամուլ

Դասադուլ և դասի իրավունք. Մամուլ
©Ֆոտոլուր

«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը այսօրվա խմբագրականում գրում է. «Ինձ հարցնում են` ինչպես եմ ես վերաբերվում ուսանողների մի խմբի` դասադուլ անելու մտադրությանը, ես դարձյալ կփորձեմ ձևակերպել իմ վերաբերմունքը: Եթե 10, 100 կամ 1000 ուսանողներ ցանկանում են մասնակցել քաղաքական կամ քաղաքացիական պրոցեսին, դա նորմալ է, դա նույնիսկ խրախուսելի է: Նրանք դժգոհ են ընտրությունների` պաշտոնապես հայտարարված արդյունքներից, ուսման որակից, դասախոսների կաշառակերություններից, ցածր մտավոր մակարդակից, նրանց հետամնացությունից, տգիտությունից` իրենց իրավունքն է բողոքել դրա դեմ, խաղաղ ցույցեր կազմակերպել օրենքով նախատեսված ցանկացած վայրում: Եթե նրանք ցանկանում են դա անել դասի ժամանակ, ապա դարձյալ խնդիր չպիտի լինի, մեզ մոտ կրեդիտային համակարգ է [կամ, համենայնդեպս, պիտի լինի], պարտադիր չէ` նստես դասերին, հանձնեցիր` կստանաս, չհանձնեցիր` հաջողություն: Այն ռեկտորներն ու դեկանները, որոնք դեմ գնալով օրենքին ու բանականությանը` փորձում են երիտասարդների այդ գործունեությանը խոչընդոտել, ուսանողներին կողպել բուհերում և այլն` պատճառաբանելով, որ բուհերում քաղաքական գործունեությունը արգելված է, թող այդ խնդիրներով մտահոգվեն այն ժամանակ, երբ իրենց «վերևից» հրահանգում են իշխանության միջոցառումներին «գլխաքանակ» ապահովել, ինչը նրանք իրականացնում են «փողկապավոր» ՀՀԿ-ական «կոմսոմոլների»` այսպես կոչված, ուսխորհուրդների միջոցով:

Բայց եթե չի կարելի մարդկանց կամքի վրա բռնանալ` ստիպելով նրանց գնալ իշխանության միջոցառումներին, ապա չի կարելի բոլոր ուսանողների վզին փաթաթել նաև ընդդիմադիր գործունեությունը: Ենթադրենք, ուսանողների X խումբը ցանկանում է կազմակերպել հանրահավաք կամ երթ: Շատ լավ է` կանաչ ճանապարհ: Սակայն այդ խումբն իրավունք չունի շանտաժելու ուսանողների Y խմբին, որը ցանկանում է մասնակցել դասերին, թե` դուք, մնացողներդ, ծախված եք իշխանություններին, չեք ուզում պայքարել արդար Հայաստանի համար և կողմ եք ընտրությունները կեղծելուն: Բացի նրանից, որ նման շանտաժից բոլշևիզմի հոտ է գալիս, դա կարող է առաջացնել հակառակ ռեակցիան և լարել երիտասարդներին իրար դեմ: Ոչ ոք չի ապացուցել, որ այն ուսանողը, որը հանրահավաքի է գնում դասերից հետո, ավելի վատ քաղաքացի է, քան նրանք, ովքեր գնում են դասերի հաշվին: Կամ նա, ով բարձր է գոռում հանրահավաքի ժամնսնւսկ, ավելի հուժկու է պայքարում արդարության համար, քան նա, ով լուռ է կանգնած:

Մի խոսքով` մարդկանց պետք է տրվի հանգիստ ընտրելու իրավունք` առանց բարոյական ճնշում գործադրելու: Սովորաբար այդ ճնշումը բացատրվում է նրանով, որ «մենք պետք է պայքարենք միասնաբար». «ով հայ ժողովուրդ...» և այլն: Այդ ամենն, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց, որպես կանոն, «միասնավարը» առօրյա լեզվով նշանակում է` «իմ ուզածով»: Միասնական են միայն Սահմանադրությունն ու Օրենքը: Մնացածը կարող են տարբեր լինել»: