27.09.2012 20:55

Կիևից Քութաիսի ընդամենը €23. Վրաստանում բյուջետային ավիափոխադրողի առաջին թռիչքը

Կիևից Քութաիսի ընդամենը €23. Վրաստանում բյուջետային ավիափոխադրողի առաջին թռիչքը

Այսօր Վրաստանի մեծությամբ երկրորդ Քութայիսի քաղաքի նորակառույց օդանավակայան Կիեւից ժամանել է հունգարական Wizz Air բյուջետային ավիափոխադրողի ինքնաթիռը:

Կիեւի օդանավակայանից Քութայիսի թռիչքի համար ուղեւորները վճարել են ընդամենը €23՝ ներառյալ բոլոր հարկերը: 

Ինքնաթիռը դիմավորել է Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, հաղորդում է RBC-ն:
Ըստ նախագահի, նոր օդանավակայանը բազա կդառնա ցածրաբյուջետային ավիափոխադրողների համար, ինչը Վրաստանն ավելի հասանելի կդարձնի եվրոպացիներին, իսկ Եվրոպան՝ ավելի հասանելի Վրաստանի բնակիչներին:
«Այս օդանավակայանով մենք էժան թռչելու ենք Եվրոպա եւ Ասիա: Քութայիսիով մենք թռչելու ենք, մասնավորապես, Հունգարիա, Ֆրանկֆուրտ, Բրյուսել, Թել-Ավիվ, Մոսկվա, Մինսկ եւ Կիեւ»,- ասել է Վրաստանի նախագահը:
Ակնկալվում է, որ մոտ ապագայում Քութայիսիի օդանավակայան կսկսեն թռչել բելառուսական Բելավիա եւ ռուսաստանյան Սիբիր ավիաընկերությունները, որոնք կկապեն քաղաքը Մինսկի եւ Մոսկվայի հետ: 
Հայաստանում Եվրոպայում լայնորեն տարածված բյուջետային ավիափոխադրողներ դեռեւս չեն աշխատում: Դեպի Հայաստան եւ Հայաստանից ավիատոմսերը ամենաթանկերից են տարածաշրջանում, հայտնում է «Մեդիամաքսը»:

Լուսանկարը՝ president.gov.ge կայքից