28.02.2013 00:26

Խանութի շեմը լվանալը ՍԴ դիմելուն վնաս չի

Խանութի շեմը լվանալը ՍԴ դիմելուն վնաս չի

Մինչ ժողովուրդը սպասում է, թե հետընտրական շրջանում ինչ քայլեր է ձեռնարկելու Րաֆֆի Հովհաննիսյանը, դիմելո՞ւ է վերջապես Սահմանադրական դատարան, թե՞ ոչ, արդյո՞ք Երեւանում շուրջօրյա հանրահավաքներ է սկսելու, վերջինս շարունակում է հիմնական հարցերին չպատասխանել եւ փոխարենը՝ բարեւարշավ անել մարզերում:  Սահմանադրական դատարան դիմելու հարցը մինչեւ այսօր դեռեւս հստակ պատասխան չի ստացել: Մինչեւ այսօր Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգությն» կուսակցության ներկայացուցիչները «դիմելո՞ւ եք արդյոք ՍԴ»  հարցին պատասխանում են՝ չի բացառվում: Այսինքն՝ հնարավոր է դիմեն, բայց եւ հնարավոր է չդիմեն, գուցե դիմեն, բայց գուցե  չդիմեն: Իսկ ժամանակը քիչ է մնացել. վերջնաժամկետը մարտի 2-ն է: Այն դեպքում, երբ ՍԴ դիմելու հարցը կարեւորներից մեկն է: Ոչ այն առումով, որ Սահմանադրական դատարանի դատավորները հանկարծ կարող են այնքան «բարիանալ», որ բավարարեն Հովհաննիսյանի  հայցը, այլ որովհետեւ ՍԴ դիմելով՝ Հովհաննիսյանը իրավական առումով կասկածի տակ է դնում հրապարակված պաշտոնական արդյունքները, վիճարկում է Սերժ Սարգսյանի՝ ԿԸՀ-ով արձանագրված հաղթանակը: Այնպես որ՝ Սահմանադրական դատարան չդիմելու հանգամանքն այս պահին, կարող ենք արձանագրել, ձեռնտու է միայն Սերժ Սարգսյանին: Հենց նրան է պետք, որ իրավական առումով ընտրությունների արդյունքները չվիճարկվեն, որպեսզի հրապարակային ելույթներում գլուխ գովելու տեղ ունենա՝ թե իբր անց է կացրել անկախացումից ի վեր Հայաստանի լավագույն ընտրությունները: Սերժ Սարգսյանի ասելիքն ու անելիքը պարզ են: Այժմ իր իր անելիքն ու ասելիքը պետք է ներկայացնի Րաֆֆի Հովհաննիսյանը: Բայց նա կարծես թե չի շտապում հստակ ասել, թե կոնկրետ ինչ եղանակներով է պատրաստվում վիճարկել ընտրությունների արդյունքները, եւ կամ արդյո՞ք վիճարկելու է դրանք: Փոխարենը՝ պարոն Հովհաննիսյանը շարունակում է նույն ոգով ակցիաները, ինչպիսիք մենք տեսնում էինք նախընտրական շրջանում: Ինչպես Էրեբունի համայնքում, այնպես էլ այսօր Գորիսում Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է վարսավիրանոց, ապա մտել է մի խանութ, կռացել է եւ խանութի շեմը լվացող տատիկի ձեռքից վերցրել է լաթն ու լվացել խանութի շեմքը: Ինչ խոսք, հայաստանյան քաղաքական դաշտում նման երեւույթ դեռ չէր գրանցվել, սա քաղաքական գործչի համար աննախադեպ վարքաքիծ է: Մեկի համար՝ գուցե ընդունելի, մեկի համար՝ գուցե չընդունելի, երրորդի համար՝ գուցե զվարճալի, չորրորդի համար՝ գուցե հարգանքի արժանի, հինգերորդի համար՝ գուցե փնովելի: Բայց դա որեւէ առնչություն չունի հետընտրական զարգացումների հետ, դա որեւէ կապ չունի կեղծված ընտրությունների, եւ հրապարակված արդյունքների ու դրանց վիճարկման հետ: Դա որեւէ կապ չունի հիմնական հարցի հետ, որը հուզում է այսօր սովորական քաղաքացիներին: Սովորական քաղաքացին, որը քվեարկել է պարոն Հովհաննիսյանի օգտին, կամ չի քվեարկել, բայց տեսնելով, որ ընտրությունները կեղծվել են, գնացել եւ մասնակցել է նրա հանրահավաքներին կամ ասուլիսներին, ուզում է հասկանալ, թե Հովհաննիսյանի քաղաքական գործողությունները որո՞նք են լինելու, եւ ո՞րն է լինելու այդ գործողությունների տրամաբանությունը: Քաղաքացիներին հուզում են կոնկրետ ու հստակ հարցեր.

Որո՞նք են լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները առաջիկայում:

Ի՞նչ միջոցներով է նա վիճարկելու ընտրությունների արդյունքները, եւ կամ արդյո՞ք վիճարկելու է:

Պայքարի ի՞նչ միջոցներ է առաջարկելու նա այն մարդկանց, ովքեր բողոքում են կեղծված ընտրությունների դեմ՝ անկախ այն հանգամանքից, թե իրե՞ն են ընտրել, կամ ուրիշին. հանրահավաքներ, շուրջօրյա հանրահավաքներ, երթեր, ցույցեր, բողոքի ակցիաներ, նամակներ կամ բանավոր դիմումներ՝ միջազգային կառույցներին, այլ պետությունների ներկայացուցիչներին, հատկապես նրանց, ովքեր շնորհավորել են Սերժ Սարգսյանին, ստորագրահավաքներ, կոչեր եւ այլն:

Ո՞րն է Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վերջնանպատակը կոնկրետ այս հարցում՝ բացի «ժողովուրդը հաղթել է» եւ «զադնի չենք տալու» ընդհարական ձեւակերպումներից:

Ահա այն հարցերը, որոնք հուզում են քաղաքացիներին, եւ որոնց պատասխանները պետք է տրվեն հնարավորինս արագ, քանի որ, ինչպես ՀՀՇ արտահերթ համագումարում  իրավացիորեն նկատել է Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ առայժմ միայն ժողովուրդն է գործ արել՝ բողոքելով կեղծված ընտրությունների դեմ՝  դուրս է եկել փողոց: Իսկ հարթակը դեռ հստակ չի պատասխանել օդում մնացած հարցերին: Այնպես որ, այժմ հարթակի հերթն է:

Իսկ այն, ինչ մինչեւ հիմա տեսել ենք, հետեւյալն է.

Քվեարկության հաջորդ օրը, երբ ժողովուրդը ամենաշատն էր «ջղայնացած» կեղծված ընտրություններից, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարված հանրահավաքի փոխարեն Ազատության հրապարակում ասուլիս հրավիրեց:

Քվեարկության օրվանից մոտ տասն օր է անցել, այդ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը Երեւանում անց է կացրել ընդամենը մեկ մեծ հանրահավաք եւ մեկ կարճատեւ հավաք, որտեղ ելույթ է ունեցել միայն ինքը, ապա գնացել Եռաբլուր՝ չնայած հանրահավաքի մասնակիցները դեռ ժամանում էին:

Հանրահավաքների ժամանակ պարոն Հովհաննիսյանը, չգիտես ինչու, լռեցնում է «Սերժի՛կ, հեռացիր» կոչերը, իսկ մարզերում հնչեցնում է «մարզպե՛տ, հեռացիր» կամ «քաղաքապե՛տ, հեռացիր»՝ այդպիսով Սերժ Սարգսյանին չդարձնելով հիմնական թիրախ:

Սերժ Սարգսյանից պահանջում է պատժել ընտրակեղծարարներին՝ չնայած ակնհայտ է, որ թիվ մեկ ընտրակեղծարարը Սերժ Սարգսյանն է, եւ բոլոր կեղծարարները կեղծել են հենց Սերժ Սարգսյանին նախագահ դարձնելու համար:

Քվեարկության օրվա ավարտից տասն օր անց անգամ Հովհաննիսյանի թիմը կոնկրետ պատասխան չի տալիս այն հարցին, թե արդյո՞ք դիմելու են ՍԴ:

Վերահաշվարկի համար ներկայացված դիմումների քիչ քանակը պարոն Հովհաննիսյանը բացատրում է նրանով, որ օրենքը պահանջում է դիմումների տակ անձամբ իր ստորագրությունը, հետեւաբար ինքը մեկ օրում չէր հասցնի Հայաստանի մի ծայրից մյուս ծայրը դիմումներ ներկայացնել: Այնինչ՝ օրենքը նաեւ թույլատրում է, որ այդ դիմումների տակ լինեն թեկնածուի վստահված անձանց ստորագրությունները:

Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է Սերժ Սարգսյանին դիմել «պարոն նախագահ» դիմելաձեւով՝ այսպիսով, գուցեեւ՝ անկախ իրենից, ընդունելով վերջինիս նախագահ լինելու փաստը:

Հովհաննիսյանը փորձում է իրեն զատել ընդդիմադիր նախորդ շարժումներից, հատկապես՝ 2008-ից սկսած Համաժողովրդական շարժումից, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ նա պայքարում է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ընդդիմության դեմ:

Վաղը Ազատության հրապարակում նորից հանրահավաք է լինելու: Հուսանք՝ այս բոլոր հարցերը վաղը վերջապես պատասխան կստանան: Հուսանք, այս բոլոր բացթողումները ընդամենը պատահականություններ են:

Հ.Գ. Ամեն դեպքում՝ պետք է արձանագրենք, որ ինչպես եւ 2008-ին, այնպես էլ՝ այս անգամ, Սերժ Սարգսյանը չի ընտրվել Հայաստանի նախագահ:

Քրիստինե Խանումյան