28.02.2013 02:39

Հրանտ Տեր-Աբրահամյան. «ՍեՅՎերով» խաղը. որոշ կանոններ

Հրանտ Տեր-Աբրահամյան. «ՍեՅՎերով» խաղը. որոշ կանոններ

Քանի, որ գործընթացներն արագ տեմպով են զարգանում, եւ շատերը չեն հասցնում նորմալ հետեւել ու հասկանալ դրանք, կամ էլ՝ պարզապես ժամանակ չունեն դա անելու, իսկ ես էլ, ինչպես խոստացել եմ՝ դեռ ձեռնպահ եմ մնում ավելի ամբողջական գնահատականներից, որոշեցի ամեն դեպքում ընթացիք զարգացումներում իմ համեստ լուման ներդնելու համար մի փոքրիկ սեւագիր ուղեցույց կազմել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են իրավիճակին հետեւել հնարավորինս քիչ ռեսուրս ծախսելով եւ միաժամանակ հնարավորինս արդյունավետ: Այս ուրվագիծը նվիրում եմ ինքս ինձ՝ այն Հրանտին, ով 6 տարի առաջ սկսելով գրել հասարակական թեմաներով եւ ապա ներգրավվելով հասարակական գործընթացների մեջ՝ շատ ու շատ բան չէր հասցնում ընկալել, մարսել, հասկանալ հընթացս, եւ հիմա էլ դեռ սովորելու ընթացքի մեջ է: Այն փոքրիկ փորձցս, որ հասցրել եմ կուտակել այս տարիներին, կներկայացնեմ ձեզ մի քանի կետերով:

 

Մեր մեդիա դաշտը գրավված է ռեսուրսներին տիրապետող կենտրոնների կողմից: Այդ պատճառով էլ այն չի կատարում իր անմիջական գործառույթը՝ քաղաքացիներին, որոնք ժամանակ, կամ կարողություն չունեն ինքնուրույն հասկանալ, տրամադրել իրավիճակի բազմակողմանի գնահատական: Կարելի է, իհարկե, անընդհատ համեմատության մեջ դնելով տարբեր կենտրոնների վերահսկողթյան տակ գտնվող մամուլը՝ եզրակացնել ըստ դրա, բայց հաշվի առնելով, որ վերջին շրջանում հատկապես շատացել են տարբեր երեւացող կամ ստվերային կենտրոնները, որոնց խոսքը հաճախ ինքը վերծանման կարիք ունի, ապա սա էլ մեծ ջանքեր եւ ժամանակ պահանջող գործ է:

Նախնական դիտողություն. աղբյուրները

Կարելի է պնդել, որ իրավիճակը վերլուծելու եւ գնահատելու անհրաժեշտ քանակի տեղեկույթ հնարավոր է գտնել բաց, բոլորին մատչելի աղբյուրներից, առանց բանավոր կամ գաղտնի «ինֆոների»-ն դիմելու: Մանավանդ, որ վերջիններիս իսկությունն ավելի բարդ է ստուգել: Այպիսով՝ իրավիճակի վերլուծումն իրականում մատչելի է բոլորին, ով դրա ցանկությունն ունի, եւ էլիտար գիտելիք չէ, պարզապես պետք է կուտակել որոշակի փորձ, եւ տիրապետել բանականության տարրական՝ արիստոտելյան կաննոներին:

Խոսքի կառուցվածքը՝ կողմ եւ դեմ

1. Քաղաքական գործչի, առավել եւս՝ առաջին պլանում գտնվողինը չի լինում բացարձակապես անբովանդակ եւ տեղեկույթ չպարունակող, նույնիսկ, եթե առաջին հայացքից այդպիսին է թվում:

1.1. Նախ՝ անբովանդակությունը կամ անկապակցվածությունը իրենք իրենցով տեղեկույթ են, որոնք կարող են վկայել այն բանի մասին, որ, օրինակ՝ իրական ասելիքը, կամ նպատակը չի ասվում, այլ քողարկվում է (ոչ միշտ է այդպես, բայց, հուսամ մնացածը պարզ կդառնա հետագա շարադրանքից):

1.2. Նույնիսկ ամենաանբովանդակ տեքստից կարելի է որսալ ուղերձներ. անուղերձ տեքստեր չեն լինում: Ինչպե՞ս:

1.3. Քաղաքականությունը կողմ կամ դեմ է, այն չի կարող անթիրախ, ինչպես, որ, օրինակ՝ թիմային սպորտը չի կարող լինել առանց կողմերի: Անկողմնակալ կարող է լինել միայն մրցավարը, բայց ոչ՝ խաղի սուբյեկտը:

1.3.1: Հետեւաբար քաղաքական տեսքտից պետք է հստակ առանձնացնել թիրախները: Հատկապես կարեւոր են դեմ թիրախները:

1.3.2. Ո՞ւմ դեմ խոսեց, ում դեմ չխոսեց (լռեց)՝ սա քաղաքական տեքստի նվազագույն տեղեկութային միավորն է: Կարեւոր չէ՝ ինչ հիմնավորումներով, կարեւորը բուն կառուցվածքային միավորն է:

1.3.3. Բացի ուղիղ դեմ խոսելուց կամ դեմ չխոսելուց, կարեւոր է փորձել տեսնել նաեւ ենթատեքստով, առանց անուններ տալու, կամ նույնիսկ երեւույթներ նշելու, ում դեմ կարող է ուղված լինել խոսքը եւ ում կողմ: Ամեն քաղաքական սուբյեկտ՝ անհատ կամ խումբ, ունի իր հետ կապվող, կարեւոր չէ արդարացի թե ոչ, բայց իր հետ կապվող բառեր, խորհդանիշեր, կաղապարներ, կլիշեներ: Կարելի անունը չտալով խփել թիրախին:

1.4. Թիրախը պետք է լինի կոնկրետ՝ անձ կամ խումբ, բայց ոչ երբեք ընդհանուր, անանուն կամ անհասցե: Կարեւոր չէ դեմն արտահայտվում է կտրո՞ւկ, թե՞՝ փափուկ ոճով, կարեւորը թիրախի հստակությունն է՝ անկախ խոսքի ուղիղ կամ անուղղակի լինելուց իսկ (տես նախորդ կետը):

1.4.1 Եթե կոնկրետ սուբյեկտին դեմը չի գտնվում, չի որսվում, ուրեմն այն պետք չէ վերագրել տեսքտին կամ ինքնին ենթադրելի համարել: Այս կամ այն սուբյեկտին մոտիկ կամ նրա հետ կապված համարվող այլ սուբյեկտին դեմ արտահայտվելը դեռ չի նշանակում դեմ արտահայտվել առաջինին:

Կոնտեքստը

2. Քաղաքական տեքստը (ելույթ, հոդված, կարգախոս, պաստառ եւ այլն) կամ ժեստը չի լինում կոնտեքստից դուրս, ինքն իրենով, ավելի շուտ չի կարող հասկացվել կամ գնահատվել կոնտեսոտից դուրս: Պետք է փորձել յուրաքանչյուր խոսք տեղավորել ավելի ու ավելի լայն կոնտեքստների մեջ՝ կապակցված նախադասություններ, ապա եւ տեքստեր կազմել առանաձին քաղաքական խոսքերից:

2.2. Նախ եւ առաջ պետք է տվյալ գործչի կամ մեկնաբանի առանձին վերցված՝ այս պահին ու այստեղ արտաբերած խոսքը տեղադրել իր իսկ մյուս խոսքերի եւ ակտերի կոնտեքստի մեջ որոշակի ընտրված ժամանակահատվածում: Եթե ընտրված ժամանակահատվածի բոլոր առանձին տեքստերից առանձնեցնենք դրա բովանդակային, նախեւառաջ արդեն հիշատկված թիրախային մասերը (կողմ ու դեմը), արդեն կարող ենք ստանալ տվյալ սուբյեկտի տվյալ ժամանակահատվածի նախնական կապակցված տեքստը: Ժամանակահատվածները պետք է ընտրել ըստ կոնկրետ քաղաքական փուլերի:

2.3. Տեղադրել տվյալ գործչի նախնական կապակցված տեքստը (բաղկացած առանձին տեքստերի բովանդակային մասերի կցումից) ավելի լայն՝ այլ գործիչների, ԶԼՄ-ների, գործողությունների կոնտեքստի մեջ: Գտնել համընկումները եւ հակադրությունները անկախ նրանից, թե որքանով իրար մոտ կամ հակադրիր են համարվում առանձին սուբյեկտները: Օրինակ, եթե ընդդիմադիր գործիչը մի բան է հայտարարում, իսկ միաժամանակ իշխանության մի հատվածի վերահսկղության տակ գտնվող մամուլը նույն թեզն առաջ է քաշում, ապա, դա ուշագրավ համընկում է:

2.4. Կարեւոր է նաեւ խոսքի՝ բանավոր կամ առավել եւս՝ գրավոր արտաբերման վայրը: Նույն ասելիքը տարբեր վայրերում կարող է տարբեր, որոշ դեպքերում՝ հակադիր իմաստ ունենալ: Օրինակ՝ տարբեր իրավիճակներ կարող են ստեղծվել, եթե հենց այս տեքստը տեղադրվի իմ բլոգում, Լրագիր.ամ կայքում, Ժամ.ամ-ում, Հայկական Ժամանակում, Այլուրում, Հայոց Աշխարհում եւ այլն: Իհարկե տարբերությունը որոշ դեպքերում կարող են թույլ արտահայտված լինել, որոշ դեպքերում՝ ուժեղ՝ կախված նաեւ գրողից, բայց գոնե նվազագույն տարբերություն կա:

Զարմանքը մայր գիտության

3. Եթե ինչ որ բան զարմանալի եւ կոնտեքստից դուրս է թվում, ապա անպայման առանձնացրեք այն՝ «սեյվ» անելով՝ մտովի կամ բառացի: Մեծ հավանականությամբ, եթե մի բան անտրամաբանական է թվում, ապա կա մեկ այլ տրամաբանություն, որն այս պահին ձեզ չի երեւում, բայց մի օր կերեւա: Իհարկե, պետք չէ բացառել պատահականության գործոնը, այլապես կարող եք ընկնել կոնսպիրոլոգիայի գիրկը՝ սկսնակ վերլուծաբանի ծուղակը:

3.1. Զարմանալի, անտրամաբանական, զավեշտալի թվացողը հաճախ ապագայի կանխանշան է, եւ կարող է իր բացատրույթյունը գտնել, եթե համբերատար լինեք, եւ եթե չմոռանաք ձեզ զարմացրածի մասին:

Որպեսզի տեքստս շատ չոր չլինի բերեմ երկու օրինակներ

Այսպես, եթե երկրի գործող նախագահի քարոզարշավի հոլովակներից մեկը հանկարծ կառուցված է լինում քաղաքացիական բողոքը գովերգող կադրերից, եթե իշխանական թեկնածուն հանկարծ հեղափոխական ճառեր է արտասանում շվարած վարդենիսցիերի առջեւ՝ կոչ անելով ազատվել երկիրը ճահիճ սարքած ինչ-որ մութ ուժերից, դա զարմանալի է, բայց ընտրարշավի ընթացքում՝ դեռ անբացատրելի: «Սեյվ» արեք այդ զարմանքը, մի մոռացեք այն, եւ հետագայում համեմատեք հետընտրական իրավիճակների հետ: Գուցե օգնի:

Մեկ այլ մասնավոր օրինակ: Եթե այս կամ այն ակցիայի ժամանակ պաստառներից մեկի վրա գրված է «ո՛չ ատկատներին», ապա մտաբերեք, թե որտեղից է մեջբերվում այդ ֆրազը՝ անկախ ակցիայի ընդդիմադիր կամ իշխանամետ բնույթից: Համեմատեք նույն ակցիայի այլ կարգախոսների հետ: Անհասցե դեմերը կապ չունեն: Օրինակ՝ ռեժիմը սուբյեկտ չի, դա ընդհանուր ու անորոշ մի բան է:Հասցեավոր դեմերը ոչինչ չեն նշանակում բացի իրենք իրենցից, օրինակ, ո՛չ ՀՀԿ-ին ինքնին չի նշանակում, ո՛չ Սերժին: ՀՀԿ-ն ընդամենը ժամանակավոր կառույց է, որն այսօր կա, վաղը կարող է չլինել եւ վերակազմավորել: Չեմ ասում, որ միայն այսպիսի մեկ պատահական փաստից եզրակացություն անենք, մեկ ակցիան շատ քիչ է, բայց «սեյվ» անելը հաստատ արժե: Նաեւ պետք չէ կարծել, որ այս կամ գործողության մասնակիցները պարտադիր տեղյակ են ինչին են մասնակցում: Ամեն դեպքում մտաբերեք նախընտրական շրջանի բոլոր անհասկանալի ու անհայտ տեղերից «բուսնած» դեպքերը: Դրանք կարող են օգնել այսօրը հասկանալու համար:

Բայց այս գիծն այստեղ ընդհատեմ, որովհետեւ դեռ ժամանակ կունենանք կոնկրետիկայից խոսելու՝ բավականաչափ նյութ հավաքելուց եւ վերստուգելուց հետո:

Հավելված

Մի քանի ընդհանուր խորհուրդ եւս: 

Ա. Հայաստանում երբեք չի եղել բացարձակապես միասնական իշխանական բեւեռ: Այդ իմաստով Հայաստանը Թուրքմենստան կամ նույնիսկ Ադրբեջան չէ:

Այսօր առավել եւս՝ չկա միասնականություն իշխանության մեջ:

Դա նշանակում է, որ իշխանության միասնական արձագանք էլ այս կամ այն երեւույթին պետք չէ սպասել: Պետք է նայել մի քանի աղբյուրներ: Անցյալում են այն ժամանակները, երբ մեդիա դաշտում կար երկբեւեռ համակարգ՝ մեկը բաց իշխանական, մեկը՝ բաց ընդդիմադիր: Այսօր առավել քան երբեւէ կարեոր են ենտատեքստերն ու կոնտեքստները:

Բ. Իշխանությունը թե ընդդիմություն չեն լինում չար, կամ բարի: Որտեղ սկսվում է չարի ու բարու մասին խոսակցությունները, այդտեղ կամ քաղաքականությունն ավարտված է, կամ էլ ՝քողարկված է եւ կեղծվում է: Չարն ու բարին կամ բարոյական, կամ էլ՝ առասպելական սոտրոգություններ (կատեգորիաներ)  են: Քաղաքական են՝ կողմն ու դեմը:

Գ. Այս իմաստով երբեք չհավատաք, որ քանի որ Սերժը «բարի է», իսկ Քոչարյանը «չար», ապա առաջինը չի դիմի բռնության: Անձերը որեւէ կապ չունեն: Կարող է տաբերվել ոճը:Բայց անկախ անձից, որեւէ բռնապետություն միշտ էլ կդիմի բռնության, եթե իր իշխանության իրական վտանգ զգա, եւ եթե հնարավորություն ունենա: Խնդիրն ուրեմն նրան բռնության կամքից եւ հնարավորությունից զրկելն է, այլ ոչ թե այս կամ այն կոնկրետ անձի հոգեբանությանն ապավինելը:

 

Աղբյուրը՝ http://ustahrant.blogspot.com/2013/02/blog-post_27.html