01.03.2013 19:33

ՉԺՀ-ում մահապատժի է ենթարկվել մյանմարցի թմրաբարոնը

ՉԺՀ-ում մահապատժի է ենթարկվել մյանմարցի թմրաբարոնը

Չինաստանում մարտի 1-ին մահապատժի է ենթարկվել 13 չինացի նավաստիների սպանության մեջ մեղավոր ճանաչված թմրաբարոն Նաու Կամը, տեղեկացնում է չինական «Սինխուա» լրատվական գործակալությունը: Նրա հետ միասին մահապատճի են ենթարկվել իր երեք հանցակիցները: Դատավճիռն իրականացվել է բանտում, մահացու ներարկման միջոցով : Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է, թե ինչպես են դատապարտյալներին իրենց բանտախցերից տանում պատժի իրականացման վայր, հաղորդում է Associated Press-ը: Երկու ժամ անց նահանգի ոստիկանությունը հաստատել է դատապարտյալների մահվան փաստը:

Մահապատիժների հրապարակային ցուցադրումը վաղուց արդեն սովորական չէ ՉԺՀ-ում: Տվյալ դեպքում իշխանությունները ցույց են տվել դա, որպեսզի մեղմեն չին քաղաքացիների վրդովմունքը նրանց կատարած հանցագործությունների դեմ, ինչպես նաև՝ ընդգծեն ոստիկանության վաստակն այդ հարցում:

Մահապատժի պատճառ հանդիսացած միջադեպը տեղի էր ունեցել 2011 թ. հոկտեմբերին, երբ Կամն իր խմբավորման հետ միասին հարձակվել էր չինական երկու բեռնանավի վրա և սպանել անձնակազմի 13 անդամների:

Նաու Կամը  ՉԺՀ-ի, Լաոսի, Մյանմայի, Թաիլանդի, Կամոջայի և Վիետնամի տարածքներով հոսող Մեկոնգ գետի վրա գգործող ամենախոշոր զինված քրեական խմբավորման և թմրակարտելի պարագլուխն էր, իր գործունեության համար նա ստացել էր «Կնքահայր» մականունը: Նրա բանդայում մոտավորապես 100 մարդ կար, և այն  գրեթե 10 տարի զբաղվում էր հիմնականում թմրավաճառքով, հաղորդում է lenta.ru-ն: