28.09.2012 14:56

Իսկ ո՞վ է սթափեցնելու Սերժ Սարգսյանին

Իսկ ո՞վ է սթափեցնելու Սերժ Սարգսյանին

Օրերս մեզ հրամցվեց հերթական նախագահական շոու-ներկայացումը: «Մեծ գլուխների» ու «ատկատների» որսից հետո, այս անգամ արդեն բանակի գերագույն գլխավոր հրամանատարի բարդ դերը ստանձնած Սերժ Սարգսյանը նույն մտահոգ և սթափեցնող դեմքի արտահայտությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ անդրադառնում է բանակում տիրող բարոյահոգեբանական վիճակին` անթույլատրելի համարելով գնումների գործընթացում պետության սուղ միջոցների և զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները:

«Վատ է, երբ նախարարության ներսում չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ: Ե՛վ պաշտպանության նախարարը, և՛ գլխավոր շտաբի պետը պետք է ուշադիր լինեն, որպեսզի այն մարդիկ, ովքեր այդ երևույթների դեմ պայքարում են՝ վաղը, մյուս օրը խնդիրներ չունենան'', - արտաբերել է «սթափեցնողը» և ընդգծել, որ երբ գումարտակի, վաշտի կամ գնդի հրամանատարը տեսնի, որ իրենից վերև ղեկավարները պաշտպանում են այն մարդկանց, ովքեր անկեղծ են, իրավիճակն այլ կլինի և կազդի բարոյահոգեբանական ամբողջ մթնոլորտի վրա:

Ամեն ինչ հոյակապ է ասված, միայն թե ՀՀ ՊՆ հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ այսպիսի շեշտադրումներով պետք է խոսեր ոչ թե հայաստանյան խնդիրների իրական պատճառներից քաջատեղյակ Սերժ Սարգսյանը, այլ, օրինակ, Հոնդուրասի նախագահը:

Երբեմն մեզ` հասարակ, միամիտ մահկանացուներիս մոտ հարց է առաջանում, թե իր կառավարման տարիներին բոլոր ոլորտներում ձախողված, երկիրը աղետալի վիճակի հասցրած Սերժ Սարգսյանը ինչի՞ մասին պետք է խոսի նախագահական ընտրություններին ընդառաջ: Եվ, ի վերջո, հանգում ենք այն եզրակացության, որ ասելիքն իրականում, մեղմ ասած, բացակայում է:
Իսկապես, ինչի՞ մասին կարելի է խոսել, երբ կատարված չէ որևէ նախընտրական խոստում, երբ գործազուրկների և աղքատների թիվը, հակառակ Սերժ Սարգսյանի խոստումների, ընդհուպ մոտենում է երկրի բնակչության թվին, երբ արտագաղթի ծավալներն ավելի սարսափելի են, քան պատերազմի և շրջափակման տարիներին, երբ երկիր մուտք գործող փողերը օր օրի նվազում են, երբ նվազելու միտումներ չունեն ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան, երբ ձախողված է ֆուտբոլային դիվանագիտությունը, երբ կասկածի տակ է դրված ցեղասպանությունը, և բանակցային գործընթացից դուրս է թողնված Լեռնային Ղարաբաղը և այլն:
Բայց արի ու տես, որ իրականում մենք թերագնահատում ենք իրեն նախագահ համարող անձնավորության մտավոր ունակությունները, որն իր հայտնի «սթափեցնող» կառավարական խորհրդակցությունից հետո այժմ էլ ձեռնամուխ է եղել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի «մշակմանը»: Հայաստանում առկա խնդիրներից տեղյակ ցանկացած բանական մարդու մոտ կարող է հարց ծագել, թե ո՞նց է պատկերացնում Սերժ Սարգսյանը բանակում անկեղծ ու ազնիվ մարդկանց խնդիր չունենալը: Մի՞թե ակնհայտ չէ, որ այստեղ տիրող ամենաթողության, զինվորների հաշվին սեփական գրպանները լցնելու միակ պատճառը իշխանություն պահելու գործում նեղ պահին բանակի վրա հույս դնող ուժերն են` հենց գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ:

Սրա ականատեսը մենք եղանք 2008թ. մարտի 1-2-ին, երբ բանակային ստորաբաժանումները, Սահմանադրության կոպտագույն խախտմամբ, ներգրավվեցին քաղաքական գործընթացներին, ինչի արդյունքում սպանվեց առնվազն 10 քաղաքացի: Արդյունքում՝ բանակը սեփական ժողովրդի դեմ օգտագործելու համար որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, և 2008-ը մարդկանց հիշողության մեջ, շատ բնական պատճառներով, մնաց որպես ռեժիմի ամենաթողության և անպատժելիության սիմվոլ: Այսքանից հետո մեր բանակի սպայակազմը, գեներալիտետը, որոնք այդպիսով դարձել են ռեժիմի հենասյունն ու վերարտադրման երաշխիքը, ինչո՞ւ չպիտի օգտվեն տարատեսակ արտոնություններից և իրենց պաշտոնական դիրքը չծառայեցնեն սեփական հարստացման գործին, երբ կա սեփական կարևորության և անպատժելիության այդքան գայթակղիչ զգացումը: 

Եզրակացություններ արեք ինքներդ. տարիներ շարունակ մեզ ցնցում են բանակում տիրող անմարդկային վերաբերմունքի արդյունքում զինվորների սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերը: Ու թեև որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում այն, որ այս դեպքերը տեղի են ունեցել պաշտոնական դիրքի չարաշահումների կամ հանցավոր անգործության արդյունքում, դեռևս մենք ականատեսը չենք եղել որևէ պաշտոնատար անձի պատասխանատվության ենթարկմանը օրենքի առջև: Մյուս կողմից` ինչպե՞ս կարող է բանակից այսպիսի կախվածություն ունեցող Սերժ Սարգսյանը չտալ այդ արտոնությունները իր հավատարիմ ծառաներին:

Իրականում հենց այս խնդիրներն են ծանրագույն հարվածներ հասցնում բանակի բարոյահոգեբանական վիճակին: Միայն այս խնդիրներից և դրանք առաջացնող ուժերից ազատվելուց հետո կարելի է բարեփոխումներ իրականացնել հայկական բանակում:

Իսկ մինչ այդ, ՊՆ-ներում ու կառավարություններում կազմակերպվող միջոցառումները, այս երևույթների միայն հետևանքների դեմ ցուցադրական պայքարը և գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի հանցավոր անգործությունը էլ ավելի են խորացնում բանակում եղած խնդիրները:

Հ.Գ. Միանշանակ է, որ իրադարձությունների այս կործանարար շղթան դադարեցնելու համար 2013-ին վերջապես պետք է հասունացնել արդեն Սերժ Սարգսյանի սթափեցման և պաշտոնակության պահը:

Արեգ Գևորգյան