‘
Ինչպես հայտնի է դարձել «Ведомости»-ին, ռուսաստանցի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը վաճառում է իրեն պատկանող բոլոր ակտիվները, այդ թվում նաև РБК թերթը: Այդ մասին պարբերականը տեղեկացել է «Онэксим» խմբի իր աղբյուրներից, ըստ որոնց՝ վաճառքը կարող է պարտադրված լինել Կրեմլի կողմից, սակայն դրա հաստատումը չկա: Պարբերականը հիշեցնում է այս տարվա ապրիլին «Онэксим»-ում անցկացված խուզարկությունների մասին, որոնք կապում են РБК հոլդինգի խմբագրական քաղաքականության հետ:
«Ведомости»-ի տվյալներով՝ Պրոխորովն ինքնուրույն է որոնում գնորդների: Խոսքը UC Rusal-ի, «Уралкалий»-ի, «Согласие» ապահովագրական ընկերության, «Ренессанс Капитал» և «Ренессанс Кредит» բանկերի և այլ ակտիվների մասին է:
«Ведомости»-ն նշում է, որ Forbes-ն այս տարի Պրոխորովի ունեցվածքը գնահատել է 7,6 մլրդ դոլար: Բացի «Онэксим» խմբից՝ գործարարին է պատկանում նաև Brooklyn Nets բասկետբոլի ակումբը:
Քաղաքագետ Ալեքսեյ Մակարկինի կարծիքով՝ «Պրոխորովի բիզնեսը ճնշման տակ հայտնվեց հենց այն պահից, երբ նա մտավ քաղաքականություն»: «Իշխանությունը մտադրվել էր ստեղծել աջակողմյան կուսակցություն, ու հանկարծ հայտնվեց Պրոխորովը՝ իր «Արդար գործով»: Այնուհետև սկսվեցին 2011 թ. բողոքի ցույցերը, և նա նույնպես մասնակցում էր դրանց»: 2012 թ. Պուտինը չառարկեց նախագահական ընտրություններում Պրոխորովի առաջադրմանը, սակայն գործարարն անակնկալ կերպով բավական բարձր արդյունքներ գրանցեց (7,98%՝ Ռուսաստանում, և 20,5%՝ Մոսկվայում), սակայն չիմանալով, թե ինչ անել դրանց հետ՝ հեռացավ քաղաքականությունից, հիշեցնում է Մակարկինը և հավելում, որ դրանից հետո նա ձեռք բերեց РБК-ն, որն սկսեց աշխատել ազատական լսարանի համար, իսկ պետությունն արդեն պահպանողական ուղի էր բռնել:
Փոխանցում է BBC-ն:
‘