‘
Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ИКАО) փորձագետները BBC-ի ռուսական ծառայությանը հայտնել են, որ Ղրիմի օդային տարածքում օդանավավարության սպասարկումը, նախկինի պես, Ուկրաինայի վերահսկողության տակ է գտնվում:
Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները, հղում անելով տրանսպորտի նախարարությանը՝ տեղեկություն էին տարածել այն մասին, թե Ղրիմի օդային տարածքի և տարածքային ջրերի սպասարկումը կարող է փոխանցվել Ռուսաստանին:
Ռուսաստանցի մասնագետները պնդում են, որ այդ հարցը պետք է հնարավորինս արագ կարգավորել: «Քաղաքական գործիչներն այստեղ կապ չունեն: Մենք այդպես այնքան կքաղաքականացվենք, որ դրա պատճառով բազմաթիվ սխալներ կգործենք: Քաղաքական գործիչները մի կողմ կքաշվեն, իսկ կդատեն կարգավարներին: Այժմ հզոր զորավարժություններ են ընթանում Սև ծովում, այն անցկացնում են ՆԱՏՕ-ն և Ռուսաստանի Դաշնությունը, սակայն սևծովյան ավազանի օդային տարածքի մի մասը վերահսկում է «Украэрорух» -ը, մի մասը՝ «Крымаэронавигация»-ն: Ինքնաթիռները թռչում են, սակայն համաձայնություն, համակարգում չկա: Չարժե կատակել մարդկային կյանքերի հետ: Թռիչքների անվտանգության հարցերը պետք է պրոֆեսիոնալները լուծեն»,- համոզված է Թռիչքների անվտանգության համաշխարհային հիմնադրամի վարչության անդամ Վալերի Շելկովնիկովը:
« ИКАО-ի դիրքորոշումը չի փոխվել և արտացոլում է ՄԱԿ-ի դիրքորոշումը, այսինքն՝ չի ճանաչում Ղրիմի Ինքնիշխան Հանրապետության կարգավիճակի որևէ փոփոխություն»,- ասված է կազմակերպության մամլո հաղորդագրությունում:
ИКАО-ում, որը ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցն է, BBC-ին նաև հայտնել են, որ մտադիր են շարունակել ոչ պաշտոնական քննարկումները բոլոր կողմերի մասնակցությամբ, որպեսզի ապահովեն անվտանգ թռիչքները Ղրիմի երկնքում: Իսկ մինչ այդ ռուսաստանյան ավիաընկերությունները շարունակում են Ղրիմ թռչել Կրասնոդարի մարզով՝ շրջանցելով Ուկրաինան:
‘