‘«Коммерсантъ». «Թուրքական հոսքի» շինարարությունը հետաձգվել է ‘

1369

‘

«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը հետաձգվում է՝ ռուսաստանյան «Գազպրոմի» և թուրքական պետական Botas ընկերության միջև բանակցությունները ձգձգվելու պատճառով, գրում է «Коммерсантъ»-ը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել զեղչերի վերաբերյալ, սակայն չեն կարողանում համաձայնության գալ, թե պայմանագրի բանաձևի որ բաղադրիչի նկատմամբ դրանք կիրառեն: Պարբերականը նշում է, որ արդեն գրեթե մեկուկես ամիս է՝ բանակցությունները փակուղում են, կողմերը փորձում են միմյանց «ուժասպառ անել»: Ընդ որում՝ թե՛ ռուսաստանյան և թե՛ թուրքական ընկերությունները կորուստներ են կրում. «Գազպրոմը» իր  խողովակաշար-նավերի վեցամսյա  պարապուրդի պատճառով մի քանի հարյուր միլիոն եվրոյի կորուստ է ունեցել, իսկ թուրքական ընկերությունը ոչ մի կերպ չի կարողանում կիրառել գազի նկատմամբ զեղչը, որի մասին կողմերը պայմանավորվել են, ուստի և ստիպված է ռուսաստանյան գազը գնել 100 դոլարով ավելի թանկ, քան միջին եվրոպական գինն է:

Ներկայումս Թուրքիան ռուսաստանյան գազը գնում է հազար խորանարդ մետրը 370 դոլարով:

Համաձայնությունը արգելակելու լրացուցիչ գործոնը քաղաքական է՝ Հայաստանի մայրաքաղաքում Վլադիմիր Պուտինի հայտարարությունը հայերի Ցեղասպանության զոհերի հիշատակին, որը շատ խիստ արձագանքի արժանացավ Անկարայում:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Գազպրոմի» տարեկան եկամուտները կրճատվել են ավելի քան յոթ անգամ, սակայն, չնայած դրան՝ ընկերությունը գրեթե 50 %-ով բարձրացրել է իր ղեկավարության աշխատավարձերը: Փոխանցում է gazeta.ru-ն:

‘

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն Լեհաստանում կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի ավարտի հանդիսություններին ‘
Հաջորդ հոդվածը‘«Մեմորիալը» կոչ է արել օրենսդրորեն արգելել Ստալինի փառաբանումը’