Բելառուսում «Комсомольская правда»-ի թղթակից Գենադի Մոժեյկոյին մեղադրանք է ներկայացվել սոցիալական թշնամանք հրահրելու և իշխանության ներկայացուցչին վիրավորելու գործով։ Համապատասխան հոդվածներով նրան սպառնում է մինչև 15 տարվա կալանք։
Մոժեյկոն այժմ Ժոդինոյի քննչական մեկուսարանում է, նրան արգելված է որևէ բան հանձնել կամ հանդիպել փաստաբանների հետ։
«Комсомольская правда»-ի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը հոկտեմբերի 14-ին տեղեկացրել է, որ Մոժեյկոյի գործով վեց բառերի լեզվաբանական փորձաքննություն կանցկացվի, նա չի նշել, թե որ բառերն են դրանք։
Հիշեցնենք, որ Գենադի Մոժեյկոն ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին, այն բանից հետո, երբ դրական նկարագրով հոդված էր գրել Անդրեյ Զելցերի մասին, որը, իշխանությունների վարկածով՝ գնդակահարել էր ՊԱԿ-ի մի աշխատակցի, ապա սպանվել պատասխան կրակոցով։
Հոդվածը հեռացվել էր հրապարակումից մի քանի րոպե անց։ Չնայած դրան՝ ֆինանսների նախարարությունը հաջորդ օրն արգելափակել էր մուտքը «Комсомольская правда»-ի կայք, իսկ մի քանի օր անց խմբագրությունում որոշում էր կայացվել փակել բելառուսական գրասենյակը։
Փոխանցում է BBC-ն։
