‘МГИМО-ից հեռացված պրոֆեսորին հրավիրել են աշխատելու Կիևում’

658

Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանն աշխատանքի է հրավիրել МГИМО-ի փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսոր Անդրեյ Զուբովին, որին աշխատանքից հեռացրել են հակապատերազմական հոդված տպագրելու համար: Այդ մասին հաղորդվում է Կիևի համալսարանի պաշտոնական կայքում: «Համալսարանի ռեկտորի անունից հրավիրում ենք աշխատելու МГИМО-ի պրոֆեսոր Անդրեյ Զուբովին միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Ուրախ կլինենք մեր շարքերում տեսնել ականավոր պատմաբանին և ազնիվ գիտնականին ու մարդուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Փիլիսոփայության ամբիոնի պրոֆեսորն աշխատանքից ազատվել է մարտի 4-ին՝ մի քանի օր անց այն բանից հետո, երբ «Ведомости» թերթում հրապարակվել էր նրա հոդվածը, որում Զուբովը կտրուկ քննադատել էր ռուսաստանյան զորքերի մուտքը Ղրիմ: Հոդվածում Զուբովը զուգահեռներ էր տարել ռուսաստանյան իշխանությունների գործողությունների և  1938 թ.անշլյուսի (Ավստրիայի միավորումը Երրորդ ռայխին) միջև: Պրոֆեսորը նաև նշել էր, որ եթե Ռուսաստանը զորքեր մտցնի Ղրիմ, ապա կվատթարանան նրա հարաբերություններն Արևմուտքի և հենց Ուկրաինայի հետ, և նրան կսպառնա տնտեսական մեկուսացում և խառնակություն երկրում:

Այն մասին, որ МГИМО-ի ռեկտորը որոշում է կայացրել աշխատանքից ազատել Զուբովին, պրոֆեսորին հայտնել է ամբիոնի վարիչը: МГИМО-ի պաշտոնական ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել Զուբովի հեռացումը և դրա հավանական կապը հրապարակված հոդվածի հետ, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. «Քաղաքացիականները» դեմ են ոչ թե քաղաքականացմանը, այլ` կուսակցականացմանը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանը հանդես է եկել Արցախի հարակից տարածքներն Ադրբեջանին հանձնելու օգտին’