‘Московский комсомолец. Եւս մի հայ վարորդ բեռնատարով վթարի պատճառ է դարձել’

980

Այսօր գիշեր Մոսկվայում հերթական ավտովթարն է տեղի ունեցել բեռնատարի եւ հայ վարորդի մասնակցութամբ, հայտնում է Московкий комсомолец-ը:

«Բեռնատարի հայ վարորդը Մոսկվայի հյուսիս-արեւմուտքում հարվածել է տրամվային» վերնագրի ներքո պարբերականը տեղեկացնում է, որ ծագումով հայ ոմն Հակոբ իր 13 տոննայանոց ինքնաթափ բեռնատարով դուրս է եկել տրամվայի գծերի վրա եւ հարվածել 20 տոննայանոց տրամվային:

«Ես արդեն ռուսաստանցի եմ, կարող եմ անձնագիրս ցույց տալ», — հայտարարել է Հակոբը վթարից հետո՝ հավելելով, որ ցանկացել է խուսափել ձախից եկող մարդատարի հետ բախումից ու չի նկատել տրամվայը: 

«Թե ինչպես կարելի էր դատարկ տարածությունում չնկատել տրամվայը, Ճանապարհային անվտանգության տեսչության աշխատակիցներն անգամ չեն հասկանում. Հակոբի բեռնատարի խցիկից ամեն ինչ հրաշալի երեւում է», — նկատում է МК-ի թղթակիցը եւ մեջբերում ականատեսներից մեկի պատմածը.

«Երեւի «լիխաչն» ուզեցել է պլստալ տրամվայից, չի հաջողացրել: Նա սկզբում արգելակեց, հետո՝ գազ տվեց ու խփեց տրամվայի մռութին»:

Комсомолец-ի թղթակիցը ավելորդ չի համարում նաեւ հիշեցնել, որ հուլիսի 13-ին Նոր Մոսկվայի տարածքում էլի մի հայի վարած «ԿամԱԶ» մխրճվել էր ավտոբուսի մեջ, ինչի հետեւանքով 18 մարդ զոհվեց: 

«Բայց պոդոլսկյան ողբերգության դասերը ոչինչ չեն սովորեցնում: Կարծես մարդկանցով լեցուն ավտոբուսը լխճած Հրաչյա Հարությունյանը չի էլ եղել: Փոխարենը՝ հիշողության մեջ է մնացել պատրվակը՝ նա շտապում էր փող վաստակել մեկ տարի առաջ վախճանված որդու շիրմաքարի համար», — նշում է լրագրող Ալեքսանդր Բոյկոն:

Նա հիշեցնում է նաեւ, որ 12,5 հազար ռուսաստանցիներ ստորագրել են նամակ-պահանջագրի տակ՝ պահանջելով լրագրող Օլգա Սկաբեեւայից՝ հրապարակային ներողություն խնդրել Հրաչյա Հարությունյանից: «Գուցե արժե ներողություն հայցել ուղիղ եթերում՝ մեկ անգամ եւս հիշեցնելու համար այդ (Պոդոլսկի) ողբերգության մասին, թե չէ՝ «ռուսակսն անձնագիր ունեցող» նորահայտ շատ ռուսաստանցիների հիշողությունը չափազանց կարճ է», — ամփոփում է МК-ի թղթակիցը:

 

 

Նախորդ հոդվածը‘Քեթրին Էշթոնը երկժամյա հանդիպում է ունեցել Մուրսիի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ա. Բուդաղյանի պաշտպանը վերադաս դատախազին բողոքարկել է քննիչի որոշումը’