‘
Ռուսաստանցի մեդիամենեջեր, НТВ հեռուստատեսության համահիմնադիր և «Օստանկինո» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Իգոր Մալաշենկոյին մեռած են գտել Իսպանիայում:
Մալաշենկոյի մահվան մասին հաղորդել է «Коммерсант» պարբերականը: Թերթի աղբյուրների տվյալներով՝ 64-ամյա մեդիամենեջերն ինքնասպանություն է գործել:
Մալաշենկոն կարիերան սկսել է 1980-ական թթ. ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտում, 1991 թ. ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի աշխատակազմում աշխատել է որպես խորհրդական: 1996 թ. ակտիվորեն մասնակցել է Բորիս Ելցինի նախագահական ընտրարշավին:
2000-ականների սկզբին Մալաշենկոն հեռացել էր Ռուսաստանից և ինը տարի ապրել Նյու Յորքում:
2017 թ. հոկտեմբերին նա դարձել էր Ռուսաստանի նախագահական ընտրություններում առաջադրված հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակի նախընտրական շտաբի ղեկավարը:
Լրագրող Թիմուր Վալեևը, որ աշխատում էր Մալաշենկոյի հետ, հաստատել է նրա մահը: «Ես հաստատված տեղեկություն ունեմ, որ նա գիշերը մահացել է Իսպանիայում, որտեղ հանգստանում էր իր տան: Հաստատված է այն տեղեկությունը, որ նա ինքնասպան է եղել»,- ասել է նա «Մոսկվա» գործակալությանը:
Փոխանցում է BBC-ն:
‘