‘«Псковская губерния». Ուկրաինայում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է օդա-դեսանտային վաշտը’

1215

Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների հետևանքով գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է պսկովյան օդա-դեսանտային 76-րդ դիվիզիայի վաշտը: Այդ մասին հաղորդել է «Псковская губерния» թերթը:

Պարբերականի տրամադրության տակ են հայտնվել դիվիզիայի զինվորականների  բանակցությունների ձայնագրությունները, որոնք անանուն կերպով հանձնվել են թերթի հրատարակիչ Լև Շլոսբերգին: Այդ ձայնագրություններից պարզվում է, որ 80 հոգանոց վաշտից ողջ ու վիրավոր են մնացել ընդամենը տասը զինվորներ: Զոհվածների թվում են նշված նաև նրանք, ում գերեզմաններն ավելի վաղ հայտնաբերվել էին Պսկովի մոտ, և այդ մասին թերթն արդեն իսկ գրել էր: Շլոսբերգի խոսքով՝ զոհվածների ընտանիքներին ստիպում են լռել՝ նրանց սպառնալով զրկել նյութական փոխհատուցումից: Այդ հրապարակումներից հետո գերեզմանատունը հսկողության տակ են առել, իսկ շիրիմների վրայից անհետացել են ցուցանակները: Շլոսբերգի վրա հարձակում է կատարվել, այժմ նա ուղեղի ցնցումով պառկած է հիվանդանոցում:

ՌԴ պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանել «Псковская губерния»-ի հրապարակումը: Ավելի վաղ գերատեսչությունը հերքել էր ռուսաստանցի զինվորականների մասնակցությունը Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սաակաշվիլին հերքել է հույն սահմանապահների կողմից իրեն կանգնեցնելու մասին լուրը’
Հաջորդ հոդվածը‘Ազատամարտիկների դաշինքը օրինակարգ իշխանության ձեւավորման խնդիր է դնում (տեսանյութ)’