‘РБК-ի անդրադարձը Սոչիի հանդիպմանը (տեսանյութ)’

3366

Սոչիում այսօր կայանալիք Պուտին-Սարգսյան հանդիպման նախօրյակին ռուսաստանյան РБК հեռուստաալիքը անդրադարձել է դրանից սպասվող ակնկալիքներին:

Հեռուստաընկերության լուրերի թողարկման ընթացքում քաղաքագետ, արեւելագետ Եվգենի Բախրեւսկին, մեկնաբանելով հանդիպումից սպասվող արդյունքները, մասնավորապես նշել է, որ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության ճանապարհին ինչ-որ պահի անհրաժեշտություն է դառնալու ՀՀ եւ ԼՂՀ միջեւ սահմանային անցակետերի տեղադրումը:

Միեւնույն ժամանակ, քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Հայաստանի` ՄՄ եւ ԵՏՄ անդամակցությունը ուղղակի ազդեցություն չի ունենա ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Անդրադառնալով հակամարտության գոտում վերջին օրերին լարվածության կտրուկ աճին, Բախրեւսկին նշել է, որ պատերազմի բռնկումը խիստ անցանկալի է Ռուսաստանի համար:

«Ռուսաստանի համար սա շատ լարված իրավիճակ է, որովհետեւ բոլորն են հասկանում, որ շուրջբոլորը պատերազմ է` Ուկրաինայում, Մերձավոր Արեւելքում: Իսկ Հարավային Կովկասը հենց այդ երկու «տաք կետերի» մեջտեղում է գտնվում: Եթե մի պատերազմ էլ ավելանա, դա ՌԴ համար խիստ բացասական ազդեցություն կարող է ունենալ», — ասել է նա:

Դրա համար, ըստ քաղաքագետի, Ռուսաստանի հիմնական խնդիրն այսօրվա բանակցություններում հակամարտության էսկալացիայի կանխումն է:

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Սոչիի նստավայրում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում, որից հետո մեկնարկել է Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ակնկալվում է, որ վաղը տեղի կունենա եռակողմ հանդիպում Պուտինի, Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ:

Նախորդ հոդվածը‘Սաղաթելյան. Մեկնարկել է Պուտին-Սարգսյան հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Շ. Քոչարյան. Չկա Ադրբեջանի որևէ կետ, որը հասանելի չէ հայկական հրթիռների համար- «Ազատություն»’