‘
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը դատապարտել է իր կուսակցության անդամ և լրագրող Հրայր Մանուկյանին ԱԱԾ–ի կողմից հավաքագրելու հայտնի փորձը։
«Դա շատ վտանգավոր և հակաօրինական քայլ է, որն ուղեկցվեց անձնական և նաև՝ կուսակցության նկատմամբ սպառնալիքներով։ Մենք պաշտպանելու ենք Հրայր Մանուկյանին քաղաքական և իրավական բոլոր հնարավոր միջոցներով»,- Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում 7or.am-ը։
Նա նաև հայտնել է, որ այսօր Հրայր Մանուկյանը ՄԻՊ–ին և Դատախազությանը կներկայացնի հաղորդում հանցագործության մասին և ողջ մանրամասները.
–Այժմ կարող եմ միայն ասել, որ կապավորը եղել է ԿԳ նախարարի խորհրդականը։ Իշխանություններին էլ կոչ եմ անում՝ ձեռքներդ հեռո՛ւ ՀՀ քաղաքացուց և մեր կուսակիցներից։ Եթե հարց ունեք, կարող եք ինձ հարցնել հրապարակավ, ես էլ կպատասխանեմ հրապարակավ։
Թե կոնկրետ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ո՞ր խորհրդականն է եղել այդ կապավորը, Ր. Հովհաննիսյանը չի նշել. «Դա կիմանաք ՄԻՊ–ին և Դատախազությանը ներկայացված հաղորդումից»։
‘