‘ԱԱԾ-ն փորձել է հավաքագրել լրագրող Հրայր Մանուկյանին. «Հրապարակ» (ձայնագրություն)’

4550

«Հրապարակը» գրում է. Եթե araratnews.am-ի հրապարակած տեղեկատվությունն ուղեկցված չլիներ ձայնագրությամբ, երբեք չէի պատկերացնի, որ մեր Ազգային անվտանգության ծառայությունը գործում է պատմությունից հայտնի «կագեբեական» մեթոդներով: Բանն այն է, որ «Ժառանգություն» կուսակցության նորընտիր վարչության անդամ, լրագրող, տնտեսագետ Հրայր Մանուկյանին ԱԱԾ աշխատակից ներկայացած անձը՝ Վլադ Հակոբյան անունով, փորձել է հավաքագրել: Եթե իրոք ԱԱԾ-ն նման մեթոդներով է գործում և վաղը ևեթ չի հայտարարելու, որ նման անուն-ազգանունով և նման հանձնարարությամբ աշխատակից չունի, ապա սա, ինչպես ասում են՝ «վերջն է»: Ձայնագրությունից լսելի է, թե ինչպես է «կագեբեշնիկը» համոզում լրագրողին աշխատել իրենց հետ, ապա, չբավարարվելով նրա ժխտողական պատասխանով, դիմում է սպառնալիքների. «Ո՞նց ես պատկերացնում պետությանը «չէ» ասողը դալշե նույն պետության մեջ, ի՞նչ ա լինելու, ո՞նց է լինելու»: Հետո սպառնալիքներն ավելի են որոշակիանում. «Պատրա՞ստ ես հետևանքներին»։ Ո՞րն է հետևանքը. «Քո էդ գժական դիպլոմով, գիտելիքներով… մաքսիմում ամենալավ աշխատանքը, որ ստեղ կունենաս, էդ հացի փռում կարող ա պահակ աշխատես»: Դա էլ չի օգնում. «Ուրիշ տարբերակ ասեմ, քո հանդեպ կարա վաբշե բացասական բան չլինի, բայց ուրիշների հանդեպ կլինի, դու դրան է՞լ ես պատրաստ… Ընտանիքիդ անդամներն է՞լ են պատրաստ»: Ինչո՞ւ է ԱԱԾ-ն որոշել «վերբովկա» անել երիտասարդին: Արդյո՞ք «ժառանգություն» կուսակցությունն է թիրախը, թե՞ լրագրողական աշխատանքը: Ովքե՞ր են հայտնվում ԱԱԾ տեսադաշտում, և ի՞նչ հանձնարարություններ են նրանց տրվում: Բոլո՞ր կուսակցությունների երիտասարդներին են փորձում հավաքագրել»:

Նախորդ հոդվածը‘Ռոմանտիկների և իրատեսների հակամարտությունը (լուսանկարներ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Ժողովուրդ». Մնացած 200 դրամով նպաստառու ընտանիքները եկեղեցում մոմ կվառեն’