‘ԱԱԾ-ն 71 միլիոն դրամ է ծախսել խմելու ջրի համար, 1.7 մլն էլ՝ կոնայկների համար ‘

1909

Պարզվում է՝ ՀՀ ԱԱԾ-ում թանկարժեք կոնյակների հանդեպ մեծ սեր ունեն: Բնականաբար՝ դրանք բյուջեից գնելու պայմանով: Միայն այս տարվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը  պետական միջոցներից 1 միլիոն 764 հազար դրամ է հատկացրել՝ «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ից թանկարժեք կոնյակներ ձեռք բերելու համար: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից: Տեղադրված փաստաթղթից հայտնի է դառնում, ԱԱԾ-ն երկու անգամ կոնյակ է ձեռք բերել՝ ամեն անգամ վճարելով 882 հազար դրամ: Ընդ որում, եթե գնման փաստաթղթերից մեկի լուսապատճենն առկա է, ե դրանով տեղեկանում ենք, որ ԱԱԾ-ն գնել է կես լիտր տարողությամբ «Նաիրի» կոնյակ՝ 1 շիշ՝ 882 հազար դրամով, ապա մյուս դեպքում գրված է միայն գինը, եւ ընկերության անունը, որտեղից ձեռք է բերվել կոնյակը: Թե ինչ նպատակով է ԱԱԾ-ն կոնյակներ գնում, այն էլ՝ այդքան թանկարժեք, մնում է միայն կռահել: 

Ուշագրավն են նաեւ ԱԱԾ-ի կողմից արված այլ գնումներ եւս: Այսպես, միայն այս տարվա ընթացքում ԱԱԾ-ն տարբեր անհատ ձեռներեցներից 81 միլիոն 134 հազար դրամի ավտոպահեստամասեր է ձեռք բերել:

Իսկ միայն խմելու ջրի համար ԱԱԾ-ն «Երևան Ջուր» ՓԲԸ-ին 71 միլիոն դրամ է փոխանցել: Համեմատության համար նշենք, որ ոստիկանությունը խմելու ջրի մատակարարման համար «Երևան Ջուր» ՓԲԸ-ին վճարել է ընդամենը 139,999 դրամ: Մեկ այլ ուշագրավ գնում. գեղազարդ այգիների, հանգստի պուրակների, սպորտային հրապարակների և այլնի կանաչապատման և խնամքի ծառայությունների համար՝ 169,000 դրամ է հատկացվել, հիգիենիկ հակահամաճարակային (Ախտահանման և միջատազերծման (դեռատիզացիայի) ծառայությունների համար էլ «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ին վճարել են 7,098,573 դրամ: Թե ինչ միջատներ է ԱԱԾ-ն վնասազերծել ավելի քան 7 մլն դրամով, նորից պետք է կռահել:

ԱԱԾ-ն նաև ձեռք է բերել 142 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 10 բնակարան: Հատկանշական է, որ կառավարության կայքում նշված չէ, թե այդ բնակարանները որտեղ են գտնվում, ումից եւ ինչ նպատակներով են գնվել: Կարելի է ենթադրել, որ ԱԱԾ-ն գնել է այդ բնակարանները՝ լրտեսումներ անելու նպատակով: Իսկ գուցե նաեւ՝ տաժանակիր աշխատանքից հետո հանգիստ վայելելու համար: 

Նախորդ հոդվածը‘Նախատեսվում է սիրիահայերի համար բնակարաններ կառուցել’
Հաջորդ հոդվածը‘Կառավարության աշխատակազմը ավելի քան 11 մլն դրամ է ծախսել հուշանվերների համար’